ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այժմ աշխատում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով հերթական գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ համանախագահները հայտարարությամբ հանդես կգան սեպտեմբերի կեսերին: Ի դեպ, եթե Զախարովան Արցախյան հակամարտության մասին հիշում է միայն տոն օրերին կամ բրիֆինգից-բրիֆինգ, ապա նույնը չենք կարող ասել ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի համանախագահի մասին: Հոգլանդին վերջին մեկ շաբաթվա ընթացքում ակնհայտորեն ակտիվացել է, նրա խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է սահմանամերձ եւ շփման գոտիներից հանել դիպուկահարներին, ավելացնել միջազգային դիտորդների քանակը եւ հատուկ սարքավորումներ տեղադրել: Հոգլանդը նաեւ հայտարարել էր, թե իրենք աշխատում են Ռուսաստանի հետ, եւ ռուս-ամերիկյան ներկայիս լարվածությունը չի ազդել Մինսկի համանախագահությունում համատեղ աշխատանքի վրա:
Այն ինչ ասում է Հոգլանդը, չի կարող չշոյել հայաստանյան պաշտոնյաների ականջը, քանի որ ամբողջությամբ համընկնում է պաշտոնական Երևանի պահանջների և դիրքորոշումների հետ: Սակայն հայկական կողմը միամտաբար, կամ սխալմամբ ենթադրում է, որ ամերիկացի համանախագահը այս քայլով ձգտում է սիրաշահել Հայաստանին, հատկապես մի իրավիճակում, երբ ռուս-հայակական հարաբերությունները հեռու են հարթ և բարեկամական լինելուց: Մինչդեռ ամերիկյան կողմը այս պարագայում լուծում է շատ ավելի գլոբալ, և ռազմաքաղաքական տեսանկյունից իր համար ավելի կարևոր խնդիր, այն է՝ ամեն գնով կանխել հնարավոր ռազմական գործողությունները Հարավային Կովկասում: Եվ սա դիրքորոշում է, որը կիսում են համանախագահ բոլոր երկրները, պարզապես խոսնակի դերում հանդես է գալիս հենց Հոգլանդը, հաշվի առնելով այն փաստը, որ արևմուտքի ազդեցությունը Բաքվի վրա այս պահին շատ ավելի ծանրակշիռ է քան Կրեմլինը: Ռուսաստանը իր հերթին ոչ թե միջնորդությամբ է զբաղված, այլ կողմերից մեկի դիրքորոշման «գեներացմամբ», շատ լավ հասկանալով, որ ավելիին պարզապես ունակ չէ: Եթե մարտական գործողությունները վերսկսվեն, դրանք դադարեցնելը շատ դժվար կլինի: Չնայած նրան, որ Մոսկվան կարողացավ հասնել բանավոր հրադադարի 2016-ի ապրիլին, պետք չէ կարծել, թե Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության տիկնիկավարն է: Մոսկվան դադարել է վերահսկել իրավիճակը դեռեւս 1988 թ-ին, որից հետո աջակցել է երբեմն այս, երբեմն էլ մյուս կողմին, իսկ դրան զուգահեռ փորձել է հանդես գալ միջնորդի դերում: Արդյունքում, Ռուսաստանին այսօր չեն վստահում ոչ՛ Հայաստանում, ոչ՛ Ադրբեջանում: Ո՛չ Բաքուն, ո՛չ Երեւանը չեն թույլ տա Մոսկվային իրենց օրակարգ պարտադրել մի հարցում, որը վաղուց դարձել է կողմերի համար ամենագլխավորը:
Այստեղ ակնհայտ է, որ պատերազմի վերսկսման մոտիվացիաները քիչ են թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Եվրոպայի մոտ: Նահանգները արդեն իսկ պատերազմում են Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում: Այդ պատերազմները խլում են ահռելի ռեսուրսներ: Հազիվ թե Միացյալ Նահանգներին պետք լինի ներգրավվել ևս մի թեժ գործընթացում, առավել ևս, որ ներկայիս ստատուս-քվոյի մեջ Նահանգների համար դժգոհություն առաջացնող ոչինչ չկա: «Եղբայրական» Ուկրաինայի դեմ կատաղի պատերազմող Ռուսաստանի համար ղարաբաղյան պատերազմը կարող է լինել Հարավային Կովկասի «թիկունքից» ներխուժելու և Հարավային Կովկասի հյուսիսային սահմանում վրաց-ռուսական պատերազմի հետևանքով կորցրածը վերականգնելու համար: Այդ դեպքում չի բացառվում, որ ռուսները ոչ թե վերագտնեն կորցրածը, այլ ընդհանրապես եղածն էլ կորցնեն, և Հարավային Կովկասը մեկընդմիշտ դուրս գա ռուսական ուղեծրից: Չէ՞ որ շատ դժվար է կանխագուշակել, թե հնարավոր պատերազմի դեպքում իրեն ինչպես կպահի Թուրքիան: Հետևաբար բոլոր կողմերի համար այս պահին մեկ ընդհանուր խնդիր կա՝ Բաքվի վրա զսպաշապիկ հագցնել և կանխել լայնածավալ ռազմական գործողությունները տարածաշրջանում: Հետևաբար, քաղաքական անհեռատեսություն կլինի սեպտեմբերին ակնկալվող Սարգսյան-Ալիև հանդիպման հետ որևէ հույսեր կապելը: Կողմերը կհանդիպեն՝ հանդիպելու համար, քանի որ երկու կողմի համար էլ այս պահին հակամարտության կարգավորումը չես համարի օրակարգային գլխավոր նպատակ: Թե՛ Բաքուն, թե՛ Երեւանը պետք է ժամանակ շահեն ներքին լուրջ հարցերի վրա կենտրոնանալու նպատակով:
Ստելլա Խաչատրյան