Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: 

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մարզի Կալավան և Վարդենիկ համայնքներում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, Կալավանում վեր են հանվել առկա խնդիրները և հաշվի առնելով համայնքի առավելությունները՝ իրականացվել են արկածային, հնագիտական զբոսաշրջության և օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրեր: Արդյունքում տարեկան համայնք այցելող զբոսաշրջիկներւի թիվը հասել է 10 հազարի: Մշակվել է համայնքի զարգացման 10-ամյա ծրագիր: 

Վարդենիկ համայնքում էլ իրականացվել է «Սարերի բարիք» ծրագիրը, որի շրջանակում համայնքի բնակիչները սարերից հավաքում են տարբեր բանջարեղեններ և հանձնում մթերման: Արդյունքում աշխատանքով ապահովվել է 65 ընտանիք: Նշվել է, որ չորացված և սառեցված բանջարեղենն ամբողջությամբ իրացվում է: Ծրագիրն ընդլայնելու համար պահանջվում է 13 մլն դրամ: 

Կարեն Կարապետյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ամեն կերպ աջակցել նշված երկու ծրագրերին և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: Կառավարության ղեկավարը հորդորել է նմանատիպ հաջողված ծրագրերը ներկայացնել այլ համայնքների ղեկավարներին ու բնակիչներին: