ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 28-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ այցելել է Հայաստան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ընդհանուր առմամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և, մասնավորապես, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Նշելով, որ այս տարի լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25 և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձևավորման 15 տարին՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ այս տարեդարձները լավ առիթ են անդրադառնալու կազմակերպության անցած ճանապարհին և ուղենշելու զարգացման հետագա ընթացքը:

Սերժ Սարգսյանը կարևորել է անցած տարի Երևանում ընդունված՝ մինչև 2025թ. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները: 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և զեկուցել վերջին շրջանում կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների և կայացած միջոցառումների մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ: