Ռուսաստանում ռազմատեխնիկական համագործակցության ֆեդերալ ծառայությունը քննարկում է արտասահմանցի գործընկերներից մի քանի հայտեր օպերատիվ-տակտիկական Իսկանդեր համալիրների հնարավոր մատակարարումների մասին: Այս մասին հայտարարել է ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը,- գրում է ՌԻԱ Նովոստին:
 
Շուգաևի հայտարարությունն ադրբեջանական ԶԼՄ-ները մեկնաբանել էին, որ հնարավոր է ՌԴ-ն Ադրբեջանին էլ մատակարարի «Իսկանդեր» համալիր: Ի դեպ, ռուսական արտադրության «Իսկանդեր» համալիր, բացի արտադրող երկրից, ունի միայն Հայաստանը:
 
Սակայն ակհայտ է, որ ռուսական կողմը քաջ գիտակցում է նման գործարքի հնարավոր հետևանքները, և սա այն դեպքը չէ, երբ ռուսները առաջնորդվելու են միայն ու միայն բիզնես շահերով: Իրականում, ադրբեջանական մամուլը չունի որևէ լուրջ հիմք նման եզրակացություններ անելու համար:
 
Իրենք փորձում են սա ներկայացնել այնպես, թե կարծեք, ինչ-որ բան եփվում է «Իսկանդեր»-ների հետ կապված:
 
Ըստ էության՝ դա քարոզչական հնարք է՝ ուղղված հենց հայկական լսարանին, որպեսզի հայկական լսարանում հերթական անգամ ինչ-որ դժգոհություն սերմանվի ռուս-հայկական հարաբերություններում:
 
Ադրբեջան «Իսկանդերի» մատակարարումները կարող են նոր պատերազմի հանգեցնել, ինչում Ռուսաստանը հետաքրքրված չէ: Մյուս կողմից, երբ Ռուսաստանը Հայաստանին «Իսկանդեր» փոխանցեց, համոզված էր, որ Երևանը դրան «մոտ չի թողնի» ոչ վրացական, ոչ էլ իրանական զինվորականներին։
 
Իսկ եթե «Իսկանդերը» ադրբեջանցիներին փոխանցեն, չի կարելի համոզված լինել, որ տեխնոլոգիան երրորդ (ամերիկացիների, իսրայելցիների) ձեռքերում չի հայտնվի:
 
Բայց տարբեր քաղաքագետների մակարդակով ռուսները չեն զլանում հոխորտալ ու սպառնալ, թե տեսեք, հանկարծ չափը չանցնեք: «Ազատությանը» տված հարցազրույցում ռուս քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևն, անդրադառնալով Հայաստան–ԵՄ նոր համաձայնագրին, նշել էր, որ դրան պաշտոնական Մոսկվայի արձագանքը կախված կլինի այն բանից, թե «որքան հեռու կգնա Երևանը»:
 
«Իհարկե, եթե Մոսկվան զայրանա, կփոխի իր դիրքորոշումը ԼՂ խնդրի հարցում»,– ասել է նա: Ավելին, «եթե Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականությունն ու հեռանա Ռուսաստանից, Մոսկվան կփոխի իր դիրքորոշումը` որդեգրելով ավելի ադրբեջանամետ դիրքորոշում: Օրինակ, այլ կարգի զենք կվաճառի Ադրբեջանին, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ավելի կոշտ կլինի, կհիշի, օրինակ, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի հայտնի չորս հռչակագրերը»:
 
Նման հայտարարությունները մեկ բանի մասին են վկայում՝ հայկական կողմը չպետք է կորցնի զգոնությունը: Ռուսաստանի կողմից ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարումը, ինչպես երեւում է, բավական թանկ է նստելու Հայաստանի եւ Արցախի վրա: Ռուսաստանը վերջին շրջանում անցել է Ադրբեջանին չկորցնելու քաղաքականության ցուցադրության: Մոսկվայի հաճոյախոսությունները Բաքվին զուգորդվում էին ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում Անկարայի կողմից ԼՂ խնդրով Մոսկվային սիրաշահելու հայտարարություններով: Եվ որքան էլ այս պահին ռուսական կողմը հակված չէ Իլհամ Ալիևի ձեռքը «Իսկանդեր» դնել, ցավոք, ՌԴ-ի՝ մինչ այս վարած գործունեությունը զենքի շուկայում լավը սպասելու առիթ չի տվել: Այդ պատճառով նման զարգացումը ամբողջությամբ բացառել չի կարելի, բայց նաեւ պետք է նշել, որ նման գործարքները շատ արագ չեն կատարվում, որովհետեւ լրջագույն աշխարհաքաղաքական նշանակություն ունեն: Հայկական կողմը պետք է հաշվի առնի բոլոր հնարավոր զարգացումները և օր առաջ դիֆերսիֆիկացնի իր պաշտպանական համակարգը՝ հետագա ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:
 
Հ.Գ. եթե Ալիևի սիրտը այդքան շատ է ցանկանում մոտիկից տեսնել «Իսկանդեր» համակարգը, ապա հայկական կողմը մի պահ անգամ չի զլանա և բարի կամք կդրսևորի՝ կազմակերպելով նրանց հանդիպումը, իհարկե, այն դեպքում, եթե Բաքվի կրտսեր սուլթանը վերջնականորեն խզի կապը իրականության հետ և Արցախի Հանրապետության և այնտեղ բնակվող խաղաղ բնակչության դեմ հերթական լայնածավալ ագրեսսիայի դիմի:
 
 
Ստելլա Խաչատրյան