Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին, որին մասնակցում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան՝ Հայաստանը հրաժարվեց մասնակցել։
Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի համոզմամբ՝ նման զորավարժություններից հայ զինվորների բացակայությունը միանշանակ բացասական ազդեցություն կունենա մեր զինվորների հմտությունների վրա. «Պետք է սեպտեմբերի 3-ը օրացույցից հանել, քանի որ միշտ այդ օրը փորձանք է գալիս մեր գլխին: Շատ վատ է, որ մեր զինվորներն ՆԱՏՕ-ի զինվորների պրոֆեսիոնալիզմը տեսնելու և դա յուրացնելու հնարավորությունից զրկվեցին, սակայն, պետք է հավելեմ նաև, որ քաղաքական իմաստով՝ ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններից մեր բացակայությունը դրական նշանակություն ունի»,-նշեց Արշակյանը:
Վերջինիս խոսքով՝ դրական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայքարում են Հայաստանի համար. «Ակնհայտ է, որ Ռուսաստանը թույլ չտվեց ԱՄՆ-ին՝ մեզ հետ խաղ խաղալ: Այն, որ մեզ համար երկու գերտերություններ պայքարում են, լավ է, բայց վատ է, որ մենք հլու-հնազանդ՝ միայն ենթարկվողի դերում ենք: Մենք հասել ենք մի վիճակի, երբ որևէ բան որոշել չենք կարող: Մենք կատարում ենք այն, ինչ մեզ թելադրվում է, և, ստացվում է՝ ով ուժեղ է, նա էլ Հայաստանը կվերցնի, որովհետև մեր կամքն արտահայտելու իրավունքն արդեն հանձնել ենք ուրիշներին»,-նշեց Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում պետք չէ սպասել անգամ ՀՀ պաշպանության նախարարության որևէ պաշտոնական հիմնավորման. «Այն, որ մինչ այս պահը պաշտոնական որևէ պարզաբանում չկա, թե ինչո՞ւ էդպես միանգամից հրաժարվեցինք ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց, ևս մեկ անգամ փաստում է, որ մեր փոխարեն հարցը լուծել է Ռուսաստանը»,-խոսքը եզրափակեց Ազատ Արշակյանը;
Հիշեցնենք, որ երեկ մեկնարկած «Agile Spirit 2017» զորավարժությունն անցկացվում է 2011 թ.-ից սկսած՝ ամեն տարի անցկացվում է: Այս տարի զորավարժությունների մեկնարկը տրվել է Ախալցխայում, բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահն ու պաշտպանության նախարարը: Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 11-ին:
Աղավնի Սուքիասյան