Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյան այսօր հայտարարեց, որ արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանում ընթանում է իշխանափոխության գործընթաց. «Մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը վաղուց մահացու հիվանդությամբ է տառապում: Դա  անբուժելի հիվանդություն է, որից մահացել է նրա մայրը: Բժիշկներն, իհարկե, անում են ամեն ինչ, բայց անօգուտ, և շատ շուտով՝ նա ստիպված է լինելու թողնել նախագահի աթոռը: Սա գիտակցելով էլ Ալիևն իր կնոջը նշանակեց փոխնախագահի պաշտոնում»:

Ադրբեջանագետի խոսքով՝  Մեհրիբան Ալիևայի նշանակումը միանշանակ չընդունվեց Ադրբեջանում, նրա կողմնակիցները հիմնականում Բաքվի կլանի ներկայացուցիչներ են, բայց ունի նաև շատ լուրջ ընդդիմախոսներ, դրա համար՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում Ալիևայի նշանակմամբ՝ կարող է բում առաջանալ: 

«Առաջիկայում մենք կարող ենք նմանատիպ  պայթյուն տեսնել նաև Արցախի հարցի կարգավորման շուրջ, քանի որ բոլորս գիտենք, որ Ալիևն Արցախի հարցում բավական հեռու է գնացել: Սա պետք է քաջ  գիտակցի հայկական կողմը և պատրաստ լինի ամենատարբեր լուծումների»: 

ԼՈւՐԵՐ.com-ը ադրբեջանագետից հետքրքրվեց՝ Ալիևայի նախագահ դառնալով՝ ի՞նչ զարգացոմներ կարող ենք ակնկալել Ղարաբաղի հարցում և պայթյուն ասվածն ինչի՞ն է վերաբերում առավել կոնկրետ: Այվազյանը հարցին ի պատասխան՝ նշեց. «Գլուխ կբարձրացնեն Գյանջայի կլանը, Շուշիի կլանը՝ դառնալով Ալիևային լուրջ ընդդիմություն: Ալիևան անգամ իր արտաքին տեսքով է մարտահրավեր նետում բոլոր ադրբեջանցիներին: Այսինքն՝ նրա դիրքը շատ խարխուլ է և Ալիևան ստիպված է լինելու ագրեսիվություն ցուցաբերել խոցելի հարցի՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ: Արցախի հարցը դառնալու է զենք Ալիևայի ձեռքին՝ հայկական կողմին պատճառելով նոր զոհեր և կորուստներ: Ես ահազանգ եմ հնչեցնում. հայկական կողմը պետք է պատրաստ լինի, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը կսանձազերծի նոր Ապրիլյան պատերազմ»: 

Գրիգորի Այվազյանն անդրադարձավ նաև վերջերս հայաստանյան լրատվական դաշտում մեծ աղմուկ բարձրացրած ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ Հոգլանդի հայտարարությանը՝ նշելով, որ հայկական դիվանագիտական դաշտում մի տեսակ հանգստություն կար այս հարցի վերաբերյալ և կոշտ նոտա չուղղելով՝ ցույց տալով, որ հող հանձնելու քաղաքականությանը դեմ չէ՝ չգիտակցելով, որ հայ հասարակության առողջ հատվածը չի հապաղի և հող հանձնողին կհանձնի հողին: