Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կիորեայի շուրջ ծավալված իրադրության վերաբերյալ՝ Փհենյանի հրթիռամիջուկային փորձարկումների ենթատեքստում, կարծիքներ են փոխանակել։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը Հարավարևելյան Ասիայում ռազմական լարվածության բորբոքմանը դեմ է հանդես եկել։ Նա նշել է, որ հարցը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով պետք է լուծում ստանա։ ՌԴ ԱԳ նախարարը նաև հույզերին չտրվելու և զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել։
ԿԺԴՀ-ի քայլերը դատապարտող ամերիկյան բանաձևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում բարձրացնելու Թիլերսոնի առաջարկների վերաբերյալ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է այն քննարկել։ Իսկ միջազգային հանրության արձագանքում պետք է բացակայի խնդրի ռազմական լուծման գաղափարը։ Լավրովը կարծիք է հայտնել, որ հարցին հանգուցալուծում տալու նպատակով կարելի է օգտվել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ծառայություններից։