Կառավարությունն այսօրվա նիստում երեք տարի ժամկետով հետաձգեց «Լիդիան Արմենիա» ընկերության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ այս որոշմամբ՝ գործադիրի՝ օգոստոսի 10-ին տրված արտոնություններն ընդլայնվում են՝ 23.4 մլրդ դրամից դառնալով մոտ 27.7 մլրդ դրամ:
«Ամուլսար» ոսկու հանքը շահագործում է Lydian International Ltd բրիտանական ընկերությունը, ավելի ճիշտ` Lydian Armenia դուստր կառույցը։ Բնապահպանները բազմիցս են ահազանգել կառավարությանը, որ այս հանքի շահագործումը կստեղծի բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ և կհասցնի լուրջ տնտեսական վնաս: Ամուլսարի ծրագրի տարածքում են գտնվում 3 գյուղական համայնքներ՝ Սարավանը, Գնդեվազը և Գորայքը, որոնք գտնվում են հանքավայրից 5 կմ և 9 կմ հեռավորության վրա: Հանքի շահագործումը կատարվելու է ցիանային մեթոդով: Ցիանային տեխնոլոգիաներն ամբողջ աշխարհում արգելվում են: Որոշ երկրներում թույլ են տալիս բնակավայրերից միայն 30 կմ հեռավորության վրա, իսկ Ամուլսարի դեպքում՝ հանքավայրը 500 մետր է հեռու Արփա գետից, 9 կմ՝ Գնդեվազից: Սա կարծես թե այնքան էլ չի մտահոգում կառավարությանը, հակառակ պարագայում՝ դժվար թե հարկային արտոնություններ շնորհվեին Ջերմուկի ջրային պաշարները ցիանիդով թունավորել պատրաստվող ընկերությանը:
Կառավարությունը նաև քաջատեղյակ է, որ տարածքում ուրանային պաշարներ կան, որոնք հանքի բաց եղանակով շահագործման դեպքում վտանգավոր են դառնում մարդկանց առողջության համար: Սակայն էկոլոգիական աղետը միակ վտանգը չէ, որ ի հայտ է գալու նման որոշման և հանքի շահագործման արդյունքում: Կառավարությունը փաստորեն խթանում է սոցիալական անհավասարությունը համայնքներում, քանի որ կառավարության հովանու ներքո հանքը շահագործող միջազգային կազմակերպությունը իր հայեցողությամբ փոխհատուցում է ոմանց, իսկ մյուսներին՝ ոչ: Արդյունքում՝ ստեղծվում է անհավասար սոցիալական պատկեր և համայնքի մասնատում, ինչն էլ արդյունքում հնարավորություն է տալիս պաշտոնյաներին և նաև հանքը շահագործող կազմակերպությանը՝ հայտարարել, թե իբր բնակիչների մի փոքր մասն է միայն դեմ հանքի շահագործմանը: Կառավարությունը, սակայն, ոչ միայն խուսափում է ավելի երկարաժամկետ ծրագրեր մշակել Հայաստանի բնականոն զարգացման համար, այլև վտանգում է արդեն իսկ եղածը՝ Գնդեվազի և հարակից մյուս համայնքների գյուղատնտեսական պոտենցիալը, ինչով էլ զրկում է տեղացիներին՝ սեփական կյանքի համար վաստակելու այլընտրանքային միջոցներից:
Այո՛, նախատեսվում է, որ հանքի շինարարության փուլում կապահովվի մոտ 1500 աշխատատեղ, և 700 աշխատատեղ կապահովվի ծրագրի իրականացման ողջ ընթացքում: Բայց թե ինչ կլինի 10 տարի անց, հայտնի չէ: Ժամանակավոր աշխատատեղերի փակվելուց հետո արդյո՞ք գործ չենք ունենալու թունավորված տարածքի հետ, որտեղ աճեցրած ծիրանը անպիտան կլինի, մարդիկ հիվանդություններ ձեռք կբերեն, իսկ Ջերմուկում հանգստացողներ այլեւս չեն լինի:
Ստելլա Խաչատրյան