Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի և վանքի պեղումների ընթացքում հայտնաբերվել են 5-6-րդ դարերի եզակի նմուշներ՝ թևավոր խաչ, 12-13-րդ դարերի 30-ից ավել խաչքարեր, բազմաթիվ նոր արձանագրություններ: Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ  Ստեփանոսի դամբարանը, որը Վաչագան բարեպաշտի ժամանակ է կառուցվել, մշակույթի կարեւոր դրսեւորումներից է: «Սուրբ Ստեփանոսի մասին մատենագրական ոչ մի նյութ չկա, մեր պատմիչները ոչինչ չեն հաղորդել: Տեղեկություններ վանքի մասին տալիս են տեղի արձանագրությունները»,-ասաց նա:

Համլետ Պետրոսյանի խոսքով` Վաճառում պեղումներ առաջին անգամ են անցկացվում: «Ես երեք տարի է կարեւորում եմ այս հուշարձանը: Մոսկվայաբնակ Սամվել Գրիգորյանի ֆինանսավորմամբ հուլիս ամսին սկսված պեղման աշխատանքների շնորհիվ շատ բաներ ենք պարզել հատկապես Վաչագան բարեպաշտի ժամանակ վաղքրիստոնեական հետքերի մասին, որոնք գիտականորեն դեռ նոր ենք սկսում հասկանալ»,-հավելեց նա: