Կառավարության կողմից ներկայացված «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին հարցրեց՝ ի՞նչ գործոններով է պայմանավորված վերջին ժամանակաշրջանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը՝ շուրջ 6%-ով:
Արդյո՞ք էլի իջեցնելու տեղ կա, ինչպե՞ս է դա ազդելու կոմերցիոն բանկերի տոկոսադրույքների վրա, և հնարավոր չէ՞ր շուտ անել՝ Մելքումյանի հարցերին ի պատասխան՝ ԿԲ փոխնախագահը նշեց. «Վերաֆինանսավորման տոկոսադրույքն առաջնային դրամավարկային քաղաքականությանն է վերաբերում, և տոկոսադրույքները նվազում են, քանի որ գնաճը ցածր է մեր երկրում և կանխատեսումով՝ մնալու է ցածր: Դրա համար՝ կարողացել ենք պատմականորեն ամենացածր մակարդակի հասցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,- ասաց նա:
Վերջինս նշեց՝ տոկոսադրույքների նման նվազումը պայմանավորված է խնայողությունների մակարդակով, գնով և մնացած այլ ռիսկերով:
Միքայել Մելքումյանը հարցրեց, թե հիմա բյուջեի՞ց պետք է սուբսիդավորել, որ գյուղատնտեսության համար մատչելի վարկեր ապահովեն, թե՞ այլ պայմաններ էլ կան, Երիցյանը պատասխանեց.
«Մենք մեր մասով բոլոր պայմաններն ապահովել ենք, իսկ սուբսիդավորումն արդեն կառավարության ոլորտինն է»: