2017-ի օգոստոսից 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Հակառակորդի կրակոցից վիրավորվել է հայկական բանակի 1 զինծառայող:
Մարտական կորուստներ
• Օգոստոսի 14-ին Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը:
• Օգոստոսի 27-ին Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ադրբեջանական զինուժի կողմից ծանր վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը:
Ոչ մարտական կորուստներ
• Օգոստոսի 16-ին ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1985 թ. ծնված Վարդան Գրիգորյանը անձնական հարցերի շուրջ վիճել է նույնպես պայմանագրային զինծառայող համագյուղացու՝ 37-ամյա տղամարդու հետ, որից հետո վերջինս նստեցրել է նրան ավտոմեքենան, գլորել ձորը և այրել:
• Օգոստոսի 20-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի տարածքում հայտնաբերվել էզինծառայող, 1991 թ. ծնված Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնելը):
• Օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Աբաս Մամոյի Սլոյանի դիակը` կախված վիճակում: Հարուցվել է քրեական գործ ՔՕ 110-րդ հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնելը):
Վիրավորներ
• Օօգոստոսի 1-ին ՀՀ Տավուշի մարզի առաջապահ դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ԶՈւ պայմանագրային զինծառայող Արմեն Մեխակի Նազլուխանյանը (ծնվ. 1986 թ.):
Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին հունվարի 1-ից օգոստոսի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 43 զինծառայողի մահվան մասին։