Հայաստանի բնակչության 50.67%-ը կարծում է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը բացասաբար է ազդել երկրի վրա, իսկ 45.33%-ը վստահ է, որ ազդեցությունը դրական է եղել: Այս մասին վկայում են Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի անցկացրած հարցումների տվյալները: 56%-ը նշել է, որ Ռուսաստանը բացասական ազդեցություն է ունենում ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա, իսկ 40%-ը ազդեցությունը դրական է գնահատում: 78%-ը բացասական է գնահատում ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելը, 20.5%-ը՝ դրական: Այնպիսի տպավորություն է, որ հասարակական կարծիքը մեր երկրում դարձել է «ձայն բարբառոյ՝ յանապատի»: Իշխանություններն ամեն կերպ չլսելու են տալիս այն, ինչը չի բխում իրենց քաղաքական առաջնայնություններից և շահերից: Իհարկե, շատերը չեն վստահում Հայաստանում անցկացվող սոցիոլոգիական հարցումներին, սակայն պարզից էլ պարզ է, որ սա այն դեպքը չէ: Ապրիլից հետո հանրային ընկալումների մակարդակում լրջագույն փոփոխություններ եղան, որոնք չնկատել պարզապես չի կարելի: Բայց իշխանությունները համառորեն չեն ցանկանում հաշտվել հանրային օրակարգի հետ և փոխարենը «սղղացնում են իրենցը»:

 

Արդյունքում առաջանում է պատ հասարակության և իշխանությունների միջև, որն էլ ի վերջո կարող է հասցնել ֆորս-մաժորի (ի դեպ՝ այդ սցենարը ամենաանցանկալին է իշխանությունների համար, բայց այն կանխելու ուղղությամբ քայլեր չեն շտապում կատարել): Խորհրդարանական ընդդիմությունն այս պահին ձևակերպել է հասարակության մեծամասնության քաղաքական պահանջը, որի հետ իշխող կոալիցիան չի էլ պատրաստվում հաշվի նստել: Շարմազանովի մոտ կարծես չի ստացվում համոզել հանրությանը, որ ԵՏՄ շեմը հատելով, մենք օր-օրի ծլում, ծաղկում ու բարգավաճում ենք, քանի որ ժողովուրդն իր մաշկի վրա դա չի զգում, ավելին՝ զգում է այն քաղաքական, տնտեսական և բարոյական վնասները, որոնք մենք կրում ենք ռազմավարական դաշնակցի փեշից կպած: Ժամանակն է, որ իրենց ժողովրդավարական ուժ համարող կոալիցիոն գործընկերները ականջալուր լինեն նաև հանրային կարծիքին ու պահանջներին, եթե իհարկե, նրանց համար ժողովրդավարություն եզրույթը չի նշանակում՝ ժողովրդին վարել…

 

Ստելլա Խաչատրյան