«Եթե ղեկավարը սկսում է կառավարել իր ստորադասի աշխատանքը՝ անտեսելով միջին օղակները, նա խախտում է կառավարման օրենքները: Հայաստանում կառավարումը հենց այդպիսին է. շատ հաճախ տեսնում ենք, թե ինչպես են մեր կառավարիչները վիրավորում իրենց ենթականերին, մեզանում չկա քաղաքական հաղորդակցման կուլտուրա: Կառավարիչների ուսուցումը, ցավալի է, որ Հայաստանում նոր է սկսել ներդրվել և դրանով է պայմանավորված, որ մենք կառավարիչների լուրջ խնդիր ունենք»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան, պրոֆեսոր Ռուբեն Աղզումցյանը:
Հոգեբանի խոսքով՝ պաշտոնյաների մեջ կան հոգեկան հատկություններ, որոնք սակայն, միշտ չեն հաշվի առնում, այնպես, ինչպես ունենք լավ օրենքներ, որոնք, սակայն, չեն կիրառվում.«Պետք է պաշտոնյաների ընտրության ժամանակ հոգեբանական ընտրություն կազմակերպել և նրանց ընտրել նաև իրենց հոգեբանական հատկանիշների հիման վրա»:
Պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը գնահատեց նաև երկրի թիվ մեկ կառավարչի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարչական գործունեությունը՝ նշելով. «Պարոն Կարապետյանի գործունեությանը ծանոթ եմ այն ժամանակվանից, երբ նա այլ պաշտոններում էր աշխատում: Նրա գալու հետ մենք շատ մեծ սպասումներ ունեցանք՝ սպասելով, որ դրանք շատ արագ իրականություն կդառնան՝ մոռանալով, որ անհնարին է դրանց արագ հասնել: Կարծում եմ՝ վարչապետին հաջողվեց փոխել մտածելակերպը հասարակության մեջ, սակայն պետք է նշեմ, որ պետք չէ չափից մեծ սպասումներ ունենալ; Ես կարծում եմ, որ վարչապետին դեռ ժամանակ է հարկավոր»:
Հոգեբանը տվեց նաև ընդդիմադիր գործիչների հոգեբանական նկարագիրը՝ նշելով, որ մեր ընդդիմադիր գործիչների հոգեբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ ցավալի կերպով, նրանք իրենց սխալները չեն տեսնում. Նախ պետք է իրենց սխալները տեսնեն, որից հետո կարելի է քննադատել դիմացինին, ինչը մեր ընդդիմադիր գործիչների մոտ շատ հաճախ բացակայում է: սա էլ գալիս է նրանից, որ մեզանում այդ քաղաքական կուլտուրան չկա: