Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հարցազրույց է տվել ադրբեջանական Turan գործակալության Վաշինգտոնի թղթակցին և մեկնաբանել արդբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի շուրջ առաջացած իրադրությունը: Հիշեցնենք, Այլիսլիի «Քարե Երազներ» վեպը քննադատության լուրջ առարկա է դարձել Ադրբեջանում, իսկ գրքի օրինակները հրապարակավ այրվել են:

Լիպարիտյանը նախ նշել է, որ անձամբ չի կարդացել Այլիսլիի վեպը և ծանոթ է դրան միայն մամուլում եղած հաղորդագրություններից, ուստի շատ զգուշավոր կլինի իր գնահատականներում:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի արձագանքը սարսափելի է և թևաթափ անող, և պարադոքսալն այն է, որ նրանք, ովքեր դատապարտում են գրողին՝ ադրբեջանցիներին վերագրվող դաժանության համար, անձամբ գազանային պատիժ են սահմանում նրա դեմ (ինչպիսին է՝ ականջ կտրելը): «Հենց այս դասակարգը կամ կառավարությունը հերոս դարձրին ադրբեջանցի սպային, որը ՆԱՏՕ-ի միջոցառման ժամանակ սպանել էր հայ սպային»,- ասել է Լիպարիտյանը:

Նրա խոսքերով՝ այս երկու փաստերը՝ մեկը հորինված, մյուսն իրական, համարվում են հանցագործություն: «Հերքելու համար, որ ադրբեջանցիներն ունակ են նման գործողություններ իրականացնել, որոշ մարդիկ, այդ թվում, ցավոք սրտի, նախագահը, պարգևատրում են նման գործողություններ կատարած անձնանց և պատժում նրանց, ովքեր բացահայտել են դրանք»,- ընդգծել է Լիպարիտյանը:

Նրա կարծիքով՝ ոչ մի գիրք կամ պատմություն ինքստինքյան չի հանգեցրել խաղաղության, սակայն կարևոր է, որպեսզի հասարակությունը նպաստի մարդասիրությանը, իսկ Այլիսլիի աշխատանքը քայլ է այդ ուղղությամբ:

Անդրադառնալով Ադրբեջանի այն պնդմանը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծել հօգուտ Ադրբեջանի տարածաքյին ամբողջականության, Լիպարիտյանն ասել է. «Դա նշանակում է, որ ԼՂ-ում բնակվող հայերը պետք է ընդունեն ադրբեջանական կանոնները և դառնան Ադրբեջանի քաղաքացի: Ուստի ես չեմ կարող չհարցնել Ադրբեջանի ղեկավարիներին. պաշտոնական Ադրբեջանը հերոս դարձրեց հայի մարդասպանին: Ի՞նչ խթան են նրանք առաջարկում ԼՂ-ի հայերին, երբ նրանք ընդունեն ադրբեջանական քաղաքացիություն: Գործով նրանք ապացուցեցին, որ հայերը չեն կարող անվտանգ ապրել Ադրբեջանում»:

Լրագրողի այն հարցին, թե հայ հասարակությունն ինչպես կարձագանքեր, եթե նման գիրք գրվեր Հայաստանում, Լիպարիտյանը նշել է, որ բարդ է պատասխանել այդպիսի հիպոթետիկ հարցի, չնայած Հայաստանում շատերը, որոնք հանդես են եկել հաշտեցման գաղափարներով, ենթարկվել են քննադատության և պատժի:

«Չեմ կարծում, որ Հայաստանում իրավիճակը համանման է, քանի որ Ադրբեջանն իրեն զգում է պատերազմում պարտված կողմ, այնտեղ ավելի շատ կատաղություն կա, և հաշտեցումն ավելի բարդ է: Ամենավատն այն չէ, ինչ է Ադրբեջանը կորցրել: Ամենավատն այն, որ նա հրաժարվում է ընդունել այդ կորուստների իրական պատճառը, և նրա ներկայիս դիրքորոշումը ԼՂ հարցի և հայերի հանդեպ: Հասկանալի է, որ այժմ մենք գործ ունենք խնդրի ոչ քաղաքական հարցադրման հետ, իսկ ԴՆԹ-ի և մարդկանց գեների թեստավորման մասին պահանջը մեզ մոտեցնում են ռասիստական գաղափարախոսությանը»,- ընդգծել է նա:

Լիպարիտյանի խոսքերով՝ Այլիսլին մարդկային բնույթի և քաղաքական գործընթացների խորաթափանց դիտորդ է, քանի որ նրա պատմությունը ենթադրում է, որ դեպի լավ ապագա առաջին քայլը սեփական թերություններն ընդունելն է:

«Այս իմաստությունն արդիական է բոլոր կողմերի համար»,-հավելել է Լիպարիտյանը:

Լրագրողի այն հարցին, թե ինչ պետք է անեն երկու երկրների մտավորականներն այս իրավիճակում, նա պատասխանել է, որ մտավոր տերմինը ներառում է տարբեր խմբեր, սակայն գոյություն ունի մեկ գործառույթ, որն ընդհանուր է բոլորի համար, ովքեր նշանակալից դեր են խաղում: Լիպարիտյանի կարծիքով՝ մտավորականության խնդիրն է աջակցել հասարակության երկխոսությանը, որը հիմնված կլինի ուրիշի կարծիքը հարգելու վրա:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի հակամարտության ավարտը, Լիպարիտյանն ասել է. «Դա, հավանաբար, ամենակարևոր հարցն է՝ առավել պակաս հաճելի պատասխանով: Լավագույն դեպքում մենք կտեսնենք ներկայիս դիմադրության շարունակությունը, ինչը կքայքայի մեր հասարակությունները և պետական համակարգերը: Վատագույն դեպքում մենք կունենանք ռազմական գործողությունների ևս մեկ փուլ՝ ոչ պակաս լուրջ հետևանքներով բոլորի համար, անկախ նրանից, թե ով կհաղթի»,- եզրափակել է Լիպարիտյանը:

Պատրաստեց՝ Հասմիկ Մարտիրոսյանը