ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Նորաշեն համայնքի ղեկավարի և վերջինիս վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. արդյունքում մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017թ. մայիսի 3-ին` ժամը 18:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Վ.Արտաշատ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Լադա Պրիորա» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով հետապնդել են Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին պատկանող «Վազ2107» մակնիշի 44VV443 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ղեկին այդ պահին գտնվել է վարորդ Կարեն Ղազարյանը, ապա՝ հրազենից կրակոցներ արձակվել նրանց  ուղղությամբ և հեռացել դեպքի վայրից։

Արձակված կրակոցների հետևանքով Կ.Ղազարյանն ստացել է ձախ ազդրի վերին երրորդականի, ձախ սրունքի և աջ վերանրակային շրջանի հրազենային վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ հանցագործության կատարման ժամանակ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի իրական համարանիշերը փոփոխված են եղել, պարզվել է սեփականատիրոջ ինքնությունը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, հստակեցվել նրանց գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2017 թվականի մայիսի 9-ին 4 անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ, և նրանց նկատմամբ հայտարարվել հետախուզում։

2017 թվականի սեպտեմբերի 21-ին հետախուզվողներից երկուսը՝ Ռ.Գալստյանն ու Ա.Նազարյանը, ինքնակամ վերադարձել են Հայաստան։

Ա.Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ռ.Գալստյանն մեղադրանք է առաջադրվել 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: