ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» ՓԲԸ-ն կառավարության որոշմամբ կլուծարվի: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 28-ի նիստի օրակարգում:
Կենտրոնի հիմնական գործառույթներն են՝ արտակարգ իրավիճակների, պատահարների կամ դրանց ծագման սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հավաքումը,ամփոփումը, վերլուծությունը, համապատասխան մարմիններին և բնակչությանն ազդարարումն ու իրազեկումը, քաղաքացիներից, կազմակերպություններից, պետական և ոչ պետական ծառայություններից պատահարների, կամ դրանց ծագման սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հավաքումը, ամփոփումը և հաղորդումն ըստ նախատեսվածության, քաղաքացիներից ստացված ահազանգերի դեպքում քարտեզագրական համակարգերի վրա դեպքի վայրի դուրս բերման և փրկարար ուժերի ժամանակին տեղեկացման ապահովում և այլն:
«Նկատի ունենալով, որ վերը թվարկված, նմանատիպ, կրկնվող գործառույթներ ունեն նաև նախարարության աշխատակազմի այլ ստորաբաժանումներ, բացի այդ, ընկերության ստեղծման նպատակը տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթ ստանալն է, մինչդեռ ընկերությունը դարձել է ոչ շահութաբեր, չի նպաստել նախարարության առջև դրված խնդիրների իրականացմանը, նրա կողմից մատուցված ծառայությունները նախարարությանը այլևս անհրաժեշտ չեն, ուստի նպատակահարմար է ընկերությունը լուծարել»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Ակնկալվում է, որ արդյունքում կբացառվեն կրկնվող գործառույթների իրականացումը, ընկերության ոչ շահութաբեր գործունեության ընթացքում պարտքեր չեն կուտակվի: