ՏՏ մասնագետների կարիք բոլոր ոլորտներում կա, իսկ թվային հմտություններն այսօր պետք են բոլորին՝ դպրոցից մինչև բիզնես, լրագրողից մինչև կառավարման մարմին: Այս մասին սեպտեմբերի 29-ին Գյումրի կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանը:

«Թվայնացման շնորհիվ բոլոր մարզերի համար հնարավորություն կստեղծվի լինել ավելի արագ ու օպերատիվ՝ հնավարություն տալով նոր բիզնեսներ, ու ընկերություններ ստեղծել, իսկ եղածն էլ ավելի արդիական ու արդյունավետ դարձնելու համար»,- նշեց Ալեքսանդր Խաչատուրյանը :

Վերջերս ՀՀ կառավարության կողմից ստեղծվեց «Թվային Հայաստան» հիմնադրամը, որի նպատակն է թվային նոր ռազմավարության մշակումը, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորումը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացումը և տեղեկատվական անվտանգության աստիճանի բարձրացումը:

ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նպատակն է խթանել Հայաստանում առանցքային բարեփոխումների իրականացումը եւ նպաստել արտահանման ծավալի աճին, երկարաժամկետ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Ուշադրության կենտրոնում են հանրային կառավարման, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ վերամշակման, կրթության, հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտները, ինչպես նաեւ այլ բնագավառներ՝ ըստ անհրաժեշտության: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ հերթական Տեխնո-Ուրբաթ միջոցառումը, որի ժամանակ Ալեքսանդր Խաչատուրյանը ներկայացրեց պետություն-մասնավոր հատված համագործակցության և Գյումրիում գործող ընկերությունների ներգրավվածության հնարավորությունների մասին: