«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Խարդախության եւ առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար 12 տարի ազատազրկման դատապարտված՝ սոցապնախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը սեպտեմբերի 28-ին ազատ արձակվեց։

«ՉԻ» տեղեկություններով՝ Վազգեն Խաչիկյանի ազատությունը բավական թանկ է նստել նրա վրա եւ կալանքից ժամանակից շուտ ազատվելու համար նա հայտնի «յուրացումներից» «մաղարիչ» է արել Սերժ Սարգսյանին։

Հիշեցնենք, որ Խաչիկյանը կալանքի տակ էր շուրջ 5 տարի։ Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. դեկտեմբերի 8-ին Վազգեն Խաչիկյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, նաեւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել 12 տարվա ազատազրկման։

Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում