Այս շաբաթ Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ երկու հույժ կարևոր մեսիջներ հնչեցին արևմուտքից: Նախ՝ ԱՄՆ Պետքարտուղար Թիլերսոնը հաստատեց Պետդեպի աջակցությունն առաջարկին, որը ներկայացրել էին Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ դեմոկրատ Էլիոթ Էնգելը։ Հիշեցնենք՝ օրենսդիրները կոչ են արել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, ընդլայնել սահմանին մշտադիտարկումը եւ կրակահերթի հայտնաբերման համակարգեր տեղակայել։ «Պետդեպը պաշտպանում է դիպուկահարներին հետ քաշելու, ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմներ գործարկելու եւ շփման գծին ու հայ–ադրբեջանական սահմանին հաղորդիչներ տեղակայելու առաջարկները։ ԱՄՆ-ը Մինսկի խմբի գործընթացի մասնակից է, գործընթաց, որն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը, որը մեր կարծիքով կկրճատի բռնության թիվը հակամարտության գոտում»,– ասել է Թիլերսոնը։ Հայկական կողմն Արցախի նախագահի մամուլի խոսնակի մակարդակով ողջունել է Թիլերսոնի հայտարարությունը: Մյուս մեսիջը հնչեց անուղղակի՝ վիրավորված Իլհամ Ալիևի շուրթերից, ով եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպմանը բողոքում էր, որ Եվրամիությունը կտրականապես հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ դա ներառել Ադրբեջանի հետ պայմանագրի տեքստում:
 
ԱՄՆ-ն ձևավորում է Հարավային Կովկասի առանցքային ուղղության վրա իր քաղաքականությունը, և ըստ այդմ՝ հարց է առաջ գալիս, թե դրանում ինչ տեղ ու նշանակություն է ունենալու Արցախյան խնդիրը: Կա տեսակետ, որ այն ԱՄՆ-ի հատկապես նոր վարչակազմի համար կարևոր չէ, և խնդիրը կհանձնեն Ռուսաստանի տնօրինությանը, ինչը, իհարկե, վատ է Հայաստանի համար: Մյուս կողմից՝ կարևորությունն ամենևին չի արտահայտվում միայն, այսպես ասած, կարգավորման ակտիվ ջանքերով, և կարող է լինել լրիվ հակառակը` ԱՄՆ համար կարևոր լինի Կովկասում կայունությունը, ինչը պահանջում է հենց Ռուսաստանի կարգավորման պլանների ակտիվ հակազդեցություն: Հենց դրան էլ միտված են ԱՄՆ և ԵՄ վերջին մեսիջները: Կովկասում ԱՄՆ-ն հետապնդելու է հենց այդ խնդիրը, քանի որ հնարավոր չէ այլ կերպ ապահովել ատլանտյան անվտանգությունը, եթե այն ապահովագրված չէ հենց Կովկասում: Իսկ Կովկասում ատլանտյան ապահովագրության լավագույն գոտին, արդյունավետ, հարաբերականորեն հուսալի գոտին այն է, որը ներկայում պահում է հայկական կողմը: Սա նշանակում է, որ եթե Արցախի հարցում Ռուսաստանը վարի ակնհայտորեն պրոադրբեջանական քաղաքական կուրս, ապա տրամաբանական կլինի, որ Հայաստանը վերանայի իր մոտեցումները. պայմաններն ավելի քան բարենպաստ են դրա համար: Հայկական կողմի այդ հնարավորությունը գիտակցելով, Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վարում է այնպիսի քաղաքականություն, որպեսզի Հայաստանը չհեռանա իր ազդեցության գոտուց, իսկ Ադրբեջանն էլ առնվազն արևմտյան ճամբար չտեղափոխվի: Միևնույն ժամանակ, կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում Ռուսաստանը շարունակում է ակտիվ դերակատարությունը: Կարգավորման ռուսական ծրագիրը կայանում է նրանում, որպեսզի Ադրբեջանին վերադարձվի տարածքների մի մասը, հակամարտության գոտի մտցվեն խաղաղապահներ, վերադարձվեն փախստականներն ու լեգիտիմացվի Ղարաբաղը (այսինքն՝ ապահովվի սահմանների բացումը և վերականգնվեն տնտեսական կապերը), իսկ հետո, երբ կրքերը կհանդարտվեն, տարածաշրջանի պատկանելութան հանրաքվե անցկացվի: Սակայն կողմերից ոչ մեկը չի ցանկանում համաձայնել այդպիսի ծրագրին, եթե հանրաքվեի ելքը կանխորոշված չլինի իր օգտին: Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումներ է գործադրում և պարտադրում է Երևանին՝ մտնել այսպես կոչված առարկայական բանակցությունների փուլ, ինչին Երևանը նախկինում դիմադրում էր, քանի դեռ կյանքի կոչված չէին Վիեննայի պայմանավորվածությունները։ Այժմ Հայաստանի ինքնիշխանությունն այնքան թուլացած է, որ նույնիսկ զրկված է նախկին դիրքորումը հետևողականորեն պնդելու հնարավորություններից :
 
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Արևմուտքի մեսիջները Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ ուղղված են առավելապես Ռուսաստանին, սակայն դա չի նշանակում, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է դիտորդի դերում հայտնվի: Պաշտոնական Երևանը կարող է և պարտավոր է օգտագործել Արևմուտքի քաղաքական տոնայնության փոփոխությունը՝ հատկապես նախագահների հանդիպմանն ընդառաջ:
 
 
Ստելլա Խաչատրյան