Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է վեհաժողովի նախագահի պաշտոնից Պեդրո Ագրամունտի հրաժարականին:
Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքի իր էջում կատարել է հետևյալ գրառումը: «Դե ֆակտո, տևական ժամանակ, հեռացված լինելով ԵԽԽՎ նախագահի պաշտոնից՝ Պեդրո Ագրամունտը ներկայացրել է հրաժարականի դիմում... Այսպիսով, կանխվում է նրան իրավական ընթացակարգով իմպիչմենտի ենթարկելու՝ երկուշաբթի Ստրասբուրգում նախատեսված անխուսափելի վերջին արարը։
ԵԽԽՎ-ն առողջացման նշաններ է ցույց տալիս, ինչն ուղիղ համեմատական է այդ կառույցից Ադրբեջանի դժգոհության և Ալիևի՝ ԵԽ-ից հեռանալու մասին բարձրաձայնումների հետ։ Ուշադրություն է գրավում նաև հրաժարականի հիմքերից մեկը՝ բժշկի խորհուրդը։ Այս մարդը լրիվ խորհրդային կոմունիստական նոմենկլատուրան է հիշեցնում»,- գրել է Ֆարմանյանը:
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հոկտեմբերի 6-ին հրաժարական է ներկայացրել: Պեդրո Ագրամունտին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից քվեարկությամբ հեռացնելու հարցը հոկտեմբերի 9-ին կայանալիք վեհաժողովի հերթական նստաշրջանի օրակարգային առաջին հարցն էր: Ագրամունտը որպես հրաժարականի պատճառ նշել է առողջական խնդիրները: