Արենի գինու 9-րդ փառատոնին միանգամից երկու նորամուծություն կա. Արենի գինու փառատոնի ծրագրի համակարգող Մերի Բադալյանը մանրամասնեց. «Փառատոնի նորամուծություններից մեկն այն է, որ կա բավականին հաջողված և նոր ստարտափ,ոըն զբաղվում է աղբի տեսակավորմամբ։ Սրա շնորհիվ հնարավոր է լինում վերամշակել աղբը։ Մյուս նորությունն այն է, որ հնարավորինս հանվել են պլաստմասե բաժակները և շրջանառության մեջ են ապակե բաժակները։ Պատճառներից ամենակարևորն այն է, որ գինու համը միայն ապակե բաժակով է հնարավոր ճիշտ զգալ»։
Արենի գինու փառատոնն արդեն 9 տարի անընդմեջ իրականացվում է շնորհիվ «Արենի փառատոն» հիմնադրամի, որի տնօրենը Նունե Մանուկյանն է։ «Այս տարիների ընթացքում մի քանի ասպեկտներով է առաջընթաց գրանցել փառատոնը։ Արենին արդեն դարձել է միջազգային փառատոն այցելուների առումով։ Այս տարիների ընթացքում փառատոնը մի քանի հարյուր այցելուից հասել է մոտ30.000-ի։ Անցյալ տարի 26.000 զբոսաշրջիկ է եղել, իսկ այս տարի նախատեսում ենք, որ կլինի 35.000 հոգի։ Մեկ այլ հանգամանք էլ կա. եթե առաջին տարիներին ընդամենը 1-2 տեսակի գինի էր ներկայացվում և ոչ այնքան որակով, ապա այսօր արդեն 21 գինեգործ է մասնակցում։ Փառատոնը շատ մեծ դեր կատարեց հայկական գինու ճանաչելիության հարցում, այդ իսկ պատճառով գինի արտադրելը դարձավ շատ շահութաբեր։ Շատ կարևոր է, որ սպառողը այստեղ կարող է անմիջական շփում ունենալ հենց գինու վաճառողի հետ»,- նշեց Մերի Բաղդալյանը։
Նա հավելեց, որ փառատոնի շրջանակում հրավիրվում են նաև տարբեր երկրներից հայտնի սոմելյեներ, ովքեր ամեն փառատոնի վերջում իրենց գնահատականն են տալիս փառատոնին մասնակցող բոլոր գինիներին, և մանարամասնեց այս տարվա ժյուրի հինգ անդամները Ֆրանսիայից են, Իտալիայից և Կիպրոսից։ «Կույր համտեսի արդյունքում գինու մասնագետները որոշել են հաթող կազմակերպությունը։ Պատասխանը հայտնի կդառնա մի քանի օրից։
Ասպեկտներից մյուսը՝ համայնքների զարգացումն է։ Հարակից բոլոր համայնքները անասելի առաջընթաց են գրանցել այն առումով, որ տարեցտարի ավելանում են փոքրիկ խորտկարանները, հյուրատները։ Մարզի բնակիչներից շատերն ամբողջ տարի պատրաստվում են՝ գինիներ են պատրաստում, պահածոներ։ Նրանք իրենց ամբողջ տարվա առևտրի 30 տոկոսն իրականացնում են հենց այս օրը»,- շեշտեց փառատոնի ծրագրի համակարգողը։
Նա վստահեցրեց, որ «Արենի փառատոն» հիմնադրամի կազմակերպած ցանկացած փառատոն ուղղված է համայնքների զարգացմանը։ Մերի Բադալյանի խոսքով՝ գինու փառատոնը այս տարիների ընթացքում շատ մեծ ճանաչելիություն է բերել Հայաստանին և շարունակում է բերել։ «Փառատոնի կազմակերպման աշխատանքերը սկսվում են 8 ամիս առաջ։ Այդ ընթացքում բոլոր հայկական տուրիստական գործակալությունները տեղյակ են պահվում, ներկայացվում է փաթեթը։ Նրանք արդեն գիտեն, որ փառատոնը լինում է ամեն տարի հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը։ Այս հստակությունը շատ կարևոր է այդ ասպարեզում։ Այստեղ այցելում են ոչ միայն օտարազգի զբոսաշրջիկներ, այլ նաև մեր հայրենակիցները, ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից։ Այսպիսով փառատոնը նպաստում է նաև ներգնա տուրիզմի զարգամանը»,- տեղեկացրեց Մերի Բադալյանը։
Փառատոնի այցելուներից մեկը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է մասնակցում և այս տարի ավելի լավ է կազմակերպված և փոքրիկ մանրուքները նույնպես հաշվի են առնված։ «Այս տարի շատ ավելի լավ է կազմակերպված, տաղավարներն են ավելացել, զբոսաշրջիկները կարծես թե երկու տարում էլ նույնքան են, բայց այս տարի շունչը մի փոքր այլ է՝ ակտիվ է։ Շատ գովելի է, որ զուգարաններ են տեղադրվել, անցյալ տարի այդպիսի բան չկար»,- ընդգծեց այցելուն։
Մեկ այլ այցելու, ով արդեն 4-րդ տարին անընդմեջ մասնակցում է փառատոնին, զարգացում է նկատում նախորդ տարիների համեմատ։ «Չնայած, կարծում եմ, որ անցյալ տարի ավելի շատ զբոսաշրջիկ կար, քան այս տարի, պետք է նշեմ, որ 9 տարիների ընթացքում շատ մեծ զարգացում է ապրել փառատոնը»,- ասաց մեկ այլ այցելու։
Փառատոնը ողջ ընթացքում ուղեկցվում էր երգ ու պարով։