Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի միջոցառումների շրջանակում Երեւանում հոկտեմբերի 9-ին կմեկնարկի արգենտինական տանգոյի շաբաթը: Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան խոսեց երկու երկրների միջև բազմամյա բարեկամության մասին, ինչպես նաև անդրադարձավ երկկողմանի երկարատև և կայուն դիվանագիտական հարաբերություններին: «Մեր երկու երկրների միջև ստեղծված վաղեմի բարեկամական հարաբերությունները զարգանում են քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Մենք աշխատում ենք տարբեր ուղղություններով և այս 25 տարվա ընթացքում հասել ենք կայուն համագործակցության և շոշափելի արդյունքների»,-ասաց նա:
«Արգենտինական տանգոյի շաբաթը» տևելու է միչև հոկտեմբերի 14-ը: Հոկտեմբերի 9-ին, 10-ին եւ 11-ին, ժամը 19:00-ին, ՀԲԸՄ երևանյան մասնաճյուղում տեղի կունենա «Արգենտինական տանգո. երաժշտություն և ոգի» խորագրով ֆիլմերի ցուցադրություն, որը ներառում է «Վերջին ծափողջյուն», «Վերջին բանդոնեոնահարը» և «Զգալով Պիացցոլային» վավերագրական ֆիլմերը: Ցուցադրությունների մուտքն ազատ է: Հոկտեմբերի 12-ին` Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա արգենտինացի բանդոնեոնահար Պաբլո Մաինետտիի համերգը, որին կմասնակցեն նաև արգենտինացի պարողներ Խորխե Մենդոսան եւ Սեսիլիա Մասսեն: Իսկ շաբաթվա վերջում արգենտինական տանգոյի սիրահարներին սպասվում է մեծ անակնկալ. հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Պողոտայում տեղի կունենա տանգոյի բացօթյա համերգ, որը կներառի տանգոյի շոու` բանդոնեոնի ուղեկցությամբ, և վարպետության դաս բոլոր ցանկացողների համար: