Հայկական դիվանագիտությունը մեծ դեր է ունեցել Բյուլբյուլօղլուի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրություններից հետ կանչելու գործում: Այս մասին նշեց արտակարգ և լիազոր դեսպան, Հայ ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը:
«Արտգործանախարարության հետ սկսեցինք աշխատել, եղան բազմաթիվ հանդիպումներ, հոդվածներ, բազմաթիվ կապեր հաստատեցինք տարբեր երկրների հետ: Փաստորեն մենք գործի դրեցինք հանրային դիվանագիտության փափուկ ուժի հնարավորությունները, և դա հոյակապ արդյունք տվեց»,-ասաց Արման Նավասարդյանը` նշելով, որ նման քաղաքական գիծը պետք է շարունակվի:
Իհարկե, հայկական դիվանագիտությունը լավ աշխատեց, սակայն Արման Նավասարդյանն ընդգծեց, որ այդ գործին նպաստեց հենց ինքը Բյուլբյուլօղլուն: «Նրա ելույթը կառանձնացնեի, այն աստիճանի էր, որ ծիծաղ էր առաջացնում ներկաների մոտ, դրանում կովկասյան բաժակաճառեր կային, կարմիր թելի պես ասում էր հետևյալը` ես շատ փող կբերեմ և բոլորիդ համար լավ կլինի: Այն աստիճան, որ ներկաներից մեկն ասաց` դուք միայն փողի մասին եք խոսում, իսկ ինչ ծրագրեր ունեք: Մի խոսքով, և էթիկայի, և դիվանագիտության, և քաղաքական մշակույթի ամենացածր մակարդակն էր»,-ասաց Արման Նավասարյանը: Արդյունքը եղավ այն, որ առաջին փուլում նա ստացավ երկու ձայն, որից հետո Ադրբեջանը պաշտոնապես հանեց նրա թեկնածությունը: Այս ամենը ցույց է տալիս, որ չօգնեցին այն հսկայական ֆինասնական ռեսուրսները, որ Ադրբեջանը դրել էր գործի մեջ:
Հոկտեմբերի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունների երկրորդ փուլում Ադրբեջանի թեկնածու, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն դադարեցրել է պայքարն այդ պաշտոնի համար՝ հետ կանչելով իր թեկնածությունը:
58 քվեներից ստանալով 20-ը՝ ընտրություններում առաջատարն է Կատարի թեկնածու դոկտոր Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քաուարին: Նա գլխավորում էր թեկնածուների ցուցակը նաև ընտրությունների առաջին փուլում: Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի 13-ին: