ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի ընթացքում եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ մտահոգություն են հայտնել Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 համակարգեր ձեռք բերելու կապակցությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: «Եվրոպական տարբեր երկրների խորհրդարանականներ իրենց խորը անհանգստությունը հայտնեցին, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Ռուսաստանից ձեռք է բերում C-400 համակարգեր: Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում այդ կապակցությամբ խորը մտահոգություն հայտնեցին հատկապես Հոլանդիայի և Մեծ Բրիտանիայի պատվիրակները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նահապետյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ լիագումար նիստի ընթացքում այդ հարցին անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ում պատասխանը բավականին չափավոր է եղել: «Նա ընդգծեց, որ ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած պետություն ինքն է որոշում, թե իր պաշտպանական համակարգի համար ինչ լրացուցիչ միջոցներ է պետք ձեռք բերել: Ստոլտենբերգը նշեց, որ այդ համակարգերը չեն մտնում ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի մեջ, սակայն նրա խոսքում քննադատական երանգներ չկային: Սակայն կրկնում եմ՝ Թուրքիայի կողմից C-400 համակարգերի ձեռքբերումն առաջացրել է եվրոպացի շատ պատվիրակների խորը մտահոգությունն ու անհանգստությունը»,- եզրափակեց Նահապետյանը:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը կայացել է հոկտեմբերի 6-9-ը Բուխարեստում: