Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինը կարևորել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, և այդ համատեքստում քննարկել առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր:
Քննարկվել են նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն նախատեսվող պաշտոնական այցին և ՀՀ-ում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր: