Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում կայացած համատեղ քննարկումների շրջանակում Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկիին ներկայացրել է միջազգային իրավունքի՝ ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ու հայկական կողմի ջանքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին հայտարարեց Լեհաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի շրջանակում:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Ցավոք, Ժնեւում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետեւանքով երեկ հայ զինվոր է զոհվել: Մենք համակարծիք ենք Լեհաստանի արտգործնախարարի հետ, որ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:
Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը հաջորդեց նախագահների առանձնազրույցը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, մանրամասներ ներկայացնելով բանակցությունների արդյունքներից, նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել շփման գծում լարվածությունն էլ ավելի թուլացնելու ուղղությամբ: