«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Տավուշի մարզի «Արծվաբերդի առողջության կենտրոն» պետական ձեռնարկության տնօրեն Գագիկ Դալլաքյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց տուլարեմիա հիվանդության մասին: Նա հայտնեց, որ տուլարեմիայով հիվանդացության վերջին դեպքը եղել է այս տարվա օգոստոսին, ընդհանուր 22 հիվանդ, որից 2-ը` երեխա:
Տեղեկացանք, որ 22 հիվանդից 4-ը Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում հետազոտության է ենթարկվել, եւ նրանց մոտ տուլարեմիա հիվանդության առկայությունը ժխտվել է: Այդ հիվանդները Բերդի բժշկական կենտրոնում վիրահատական միջամտության են ենթարկվել, նրանց մարմինների ուռած տեղերում կտրվածքներ են արվել: Գ. Դալլաքյանից հետաքրքրվեցինք՝ թե ի՞նչն էր տուլարեմիա հիվանդության բռնկման պատճառը:
Նա ասաց, որ 99 տոկոսով համոզված է՝ ադրբեջանական թռչող սարքի միջոցով է հիվանդության վարակը տարածվել Արծվաբերդում: Չնայած, որ հողում, ջրում եւ այլ տեղերում կատարված հետազոտություններով ժխտվել է դրանցում տուլարեմիայի վիրուսի առկայությունը: Այս դեպքում ո՞րն էր նրա կասկածի աղբյուրը: «Արծվաբերդի առողջության կենտրոն»-ի տնօրենն ասաց, որ մի քանի տարի առաջ Բերդի տարածաշրջանում ոչխարների, հավերի կատաղության հիվանդության բռնկում էր: Այդ հիվանդությունը ընտանի կենդանիներից անցել էր մարդկանց:
Նա համոզված է, որ դա նույնպես ադրբեջանական դիվերսիայի հետեւանք էր, ադրբեջանցիները շների բազմացման շրջանում կատաղությամբ վարակված շներ են բաց թողել սահմանագոտում, այդ շները Բերդի սահմանագոտու գյուղերի շների հետ հարաբերություններ ունենալով` կատաղություն հիվանդության վարակ են տարածել: Հետագայում շներից վարակը տարածվել էր ընտանի կենդանիներին եւ մարդկանց»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: