Արցախի Մարտունի քաղաքում առաջին անգամ կանցկացվի Նռան փառատոն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, 25 առանձին տաղավարներով նռան այգիներ ունեցող գյուղատնտեսները կներկայացնեն իրենց արտադրանքը: Առանձին տաղավարներով կմասնակցեն նաև մոտակա համայնքների գյուղացիները' ներկայացնելով իրենց բերքն ու բարիքը:
«Փառատոնի ծրագիրն իր մեջ ներառում է նռան, ինչպես նաև նռան օշարակի, գինու, հյութի ներկայացում և վաճառք: Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավորություն կընձեռվի նռան մշակմամբ և վերամշակմամբ զբաղվողներին կազմակերպել իրենց արտադրության իրացումը, կատարել փորձի փոխանակում»,-ասաց Մհեր Խաչատրյանը: Նռան մշակմամբ զբաղվողներին աջակցելուց բացի, այս փառատոնը զբոսաշրջային նշանակություն ունի: Քաղաքապետի խոսքով, այս միջոցառմամբ առիթ կստեղծվի ոչ միայն գալ մասնակցել փառատոնին, համտեսել արցախյան բերքն ու բարիքը, այլև այցելել մոտակա գեղատեսիլ վայրերը:
Փառատոնն ուղեկցվելու է մշակութային միջոցառմամբ: Նախատեսված է համերգ, կլինեն ազգագրական պարեր ու խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Մհեր Խաչատրյանը, չբացելով փակագծերը, նշեց, որ լինելու են բազմաթիվ անակնկալներ:
Մարտունու քաղաքապետն ընդգծեց, որ նպատակ ունեն այս փառատոնը դարձնել ամենամյա: Առաջիկայում նախատեսում են ակտիվ աշխատել զբոսաշրջային կազմակերպությունների հետ: