«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում միանգամից 3 հողահատկացում է արվել, եւ հիմա ընթանում են շինարարական աշխատանքներ: Հատկացված հողատարածքները մայթերի հաշվին են, եւ իրականացվող շինարարությունն էլ խոչընդոտում է հետիոտներին: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց ուղղեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե
1. Ե՞րբ եւ ո՞ւմ կողմից է տրվել հողահատկացման թույլտվությունը:
2. Ե՞րբ է կայացել հողահատկացման մրցույթը, եւ ի՞նչ արժեքով են ձեռք բերել տարածքները (առանձին-առանձին):
3.Ո՞ւմ են տրվել մայթեզրյա հատվածները՝ անուն, ազգանուն, հասցե:
4. Օրենքի ո՞ր կետով է հողահատկացման օրինականությունը հիմնավորվել:
5. Քանի՞ ծառ է հատվել եւ ում կողմից:
6. Ծառահատում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ:
7. Արդյո՞ք ծրագրված է այդ փողոցում էլի հողահատկացում անել, եւ ո՞ր հատվածներն են դրանք:
Պարզ պատասխաններ ակնկալող այս հարցերին Երեւանի քաղաքապետարանից ուղարկել են կիսատ-պռատ պատասխաններ՝ միայն հավաստիացնելով, որ նշված ծառերը չեն հատվել: Ստորեւ ներկայացնում ենք ստացված պաշտոնական պատասխանը՝ առանց կրճատումների.
«Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունից տեղեկացնում են, որ Անդրանիկի փողոցի հ.79/6 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար առկա է 21.08.2017թ. կառուցապատող Լիան Ալեքսանյանին տրված հ.01/18-Ա-5908-743, Անդրանիկի փողոցի հ.110/2 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար՝ 22.08/2017թ. կառուցապատող Վարսենիկ Սիմոնյանին տրված հ.01/18-Ս-4234-755 եւ Անդրանիկի փողոցի հ.94/3 եւ 94/4 հասցեներում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար՝ 13.09.2017թ. կառուցապատողներ Գենադի Հակոբջանյանին եւ Սարգիս Ոսկանյանին տրված հ.01/18-Ա-597-841 շինարարության թույլտվությունները»:
Թե ինչի հիման վրա են հատկացվել թույլտվությունները, օրենքի որ կետով են մայթերը դարձել մի քանի հոգու սեփականություն, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը հարկ չի համարել մանրամասնել: Միայն նշել է, թե «Վերը նշված հասցեներում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները տրամադրվել են գործող քաղաքաշինական նորմերին համապատասխան»: Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունից Հայկ Ասատրյանը շտապել է հայտնել, որ «Մրցույթով տրամադրված հողամասերում ծառեր առկա չեն եղել, եւ ծառահատում չի իրականացվել»:
Նկատեցի՞ք: Քաղաքապետարանի պաշտոնյան այդպես էլ չի մանրամասնել, թե երբ է կայացել մրցույթը, ովքեր են մասնակցել դրան, եւ ամենակարեւորը՝ ինչ արժեքով են մարդիկ մայթերի սեփականատեր դարձել: Նա միայն հայտնել է, թե ծառահատում չի եղել:
Մինչդեռ անզեն աչքով երեւում է, որ կառուցապատումն իրականացվում է այնպիսի հատվածում, որ շուրջբոլորը ծառեր են: Այդ ինչ հրաշքով պետք է հենց այդ հատվածում ծառեր չլինեին, միայն կարելի է ենթադրել: Բայց սա դեռ ամենը չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ այդպես էլ պաշտոնական հավաստիացում չկա այն մասին, որ այսուհետ մայթերը չեն շարունակվի վաճառվել: Մենք հստակ հարցրել էինք. արդյո՞ք ծրագրված է այդ փողոցում էլի հողահատկացում անել, եւ ո՞ր հատվածներն են դրանք, բայց պատասխան չկա: Սա ոչ այլ ինչ է, քան ավելի բարեկարգ Երեւան ունենալու խոստումը տապալելը: Քանի որ գոնե այս դեպքում ունենք առավել տգեղ Երեւանի պատկերը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում