ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացրել Երևանի Ավան-Առինջ 5 հասցեում գտնվող «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ում, ինչի արդյունքում հայտնաբերել է շուրջ 120 անուն ժամկետանց կամ առանց մակնշման ապրանքատեսակ՝ 80-ը իրացման ցանցում՝ վաճառքի հանված, իսկ 38-ը՝ խանութի հետնամասում ու տնօրենի սենյակում:
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է թե՛ տեղական արտադրության, թե՛ ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերքի տեսակներ, որոնք բոլորը հանվել են վաճառքից, մասնավորապես՝ 45 անուն տարբեր տեսակի մսամթերք, 19.6 կգ ընդհանուր քաշով՝ կարագ, սպրեդ և մարգարին, մոտ 23 կգ պանիր, ինչպես նաև՝ յոգուրտ, թթվասեր, կեֆիր, մածուն, թան, կետչուպ, մայոնեզ, պահածոներ, պելմենի, առանց մակնշման 10 կգ սառեցված «Խեկ» ձուկ և այլն:
 
Հայտնաբերվել է նաև 7 արկղ ժամկետն անցած, անընթեռնելի մակնշմամբ կոնֆետ և քաղցրավենիք, այդ թվում՝ պիտանիության ժամկետը 10 ամիս անցած կոնֆետ-կարամել: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կարգադրագիր է տվել «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ին՝ ոչնչացնելու վաճառքից հանված բոլոր խմբաքանակները: