«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ միայն նախորդ խորհրդարանի գործունեության վերջին ամիսներին, ԱԺ-ի հեռախոսային խոսակցությունների համար ծախսվել է ավելի քան 47.3 մլն դրամ կամ մոտ 100 հազար դոլար: Այդ գումարի զգալի մասը կազմում է ԱԺ պատգամավորների՝ ծառայողական բջջային հեռախոսակապի վարձավճարը:
Քանի որ նրանք իրավունք ունեն օգտվելու նաեւ ռոումինգ ծառայությունից, արտերկրում գտնվելու օրերին օրենսդիրների մի մասն անխնա խոսել է հեռախոսով: Իսկ հսկայական գումարները վճարվել է պետական բյուջեից:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Հրայր Թովմասյանը մշտապես աչք է փակել կատարվածի վրա, եւ ամեն ինչ բացահայտվել է ԱԺ ղեկավարության փոփոխությունից հետո:
Համաձայնեք՝ թվերն իսկապես ապշեցնող են, եւ հիմա որոշում է կայացվել խիստ լիմիտներ սահմանել:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը երեկ հարցում է ուղարկել ԱԺ՝ փորձելով պարզել, թե այս ընթացքում ո՞վ է օգտվել ծառայողական բջջային հեռախոսակապից, եւ որքա՞ն գումար է վճարվել բյուջեից: Հուսանք՝ կպատասխանեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում