Հայաստանը մինչև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը ևս շարունակել է սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Այս համաձայնագիրը գալիս է ավելի ամրապնդելու բոլոր ոլորտներում մեր համագործակցությունը Եվրոպական Միության գործընկերների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:
Նա հավելեց, որ երբ Հայաստանը ստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և անդամակցեց ԵԱՏՄ-ին, մտավախություն կար, որ Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունները խիստ կվատանան, սակայն դրա պատասխանը եղավ այն, որ դրանից հետո Հայաստանի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառությունն աճեց 35.2 տոկոսով: «Եվրոպական Միության հետ նոր համաձայնագրում Հայաստանի համար որևէ վտանգավոր կետ չկա, և ինձ թվում է, որ այս համագործակցությունը պիտի լինի շարունակական ու գնալով խորանա», - նշեց Բաղդասարյանը։
Անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին՝ Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ պետք է սպասել մինչև պայմանագրի պաշտոնական վավերացումը, որից հետո այդ ուղղությամբ աշխատանքներ կսկսվեն։ «Կան խնդիրներ, որոնք մենք պետք է առաջ քաշենք։ Վիզաների ազատականացման հարցը ևս օրակարգում է»,- ասաց նա։
Խոսելով ընդդիմադիրների մտահոգությունների մասին, թե մի բան է համաձայնագիրը ստորագրելը, մեկ այլ բան՝ այն իրականացնելու քաղաքական կամք դրսևորելը, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ընդդիմության ներկայացուցիչները ուրիշ բան չէին էլ ասելու: «Ընդդիմության գործն էլ հենց դա է, որ ցանկացած լավ երևույթի շուրջ որևէ մտավախություն արտահայտի»։
Բաղդասարյանը նաև նկատեց, որ իրենք լծված են կոռուպցիայի ու մենաշնորհի վերացման գործին, մինչդեռ արդյունքներից գոհ չեն՝ հույս հայտնելով, որ ԵՄ աջակցությամբ կհաջողվի այս ուղղություններով ևս հաջող պայքար տանել։ «Վերջին տարիներին այս ուղղություններով մեծ ձեռքբերումներ ենք ունեցել, բայց դրանք մեզ չեն գոհացրել, տեմպերը թույլ են, և նման պայմանագրերը պետք է նպաստեն այդ տեմպերի ուժեղացմանը»,- եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: