Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին վեհաժողովի պատգամավորներին «ամենախիստ պատժով» է սպառնացել սեռական ոտնձգությունների համար՝ հորդորելով ԵԽ-ի գրասենյակային աշխատողներին՝ անհապաղ խորհրդարանի վարչակազմին իրազեկել ժողովրդական ընտրյալների կողմից անպարկեշտ վարքագծի դեպքերի մասին:

«Ես ամենախիստ պատիժը կկիրառեմ սեռական ոտնձգությունների մեջ մեղավոր պատգամավորների նկատմամբ»,-ասված է Տայանիի՝ պատգամավորներին ու նրանց օգնականներին հասցեագրված նամակում: Եվրախորհրդարանը հոկտեմբերի 26-ին Ստրասբուրգում վեհաժողովի լիագումար նստաշրջանում բանաձեւ է ընդունել, որում պահանջել է վեհաժողովի նախագահից ու վարչակազմից՝ շտապ կարգով հետաքննել «սեռական բռնության՝ ԶԼՄ-ների բացահայտած դեպքերը»:

Մեծ Բրիտանիայից պատգամավոր Մարգո Փարքերը չորեքշաբթի, այդ թեմայի շուրջ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի բանավեճերում, հայտնել է 15 եվրախորհրդարանականների մասին, որոնք կասկածվում են սեռական ոտնձգությունների մեջ, եւ պահանջել է վեհաժողովի վարչակազմից՝ հրապարակել նրանց անունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: