Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով խոսք է գնում ոչ թե Հայաստանի ատոմային էլեկտրակայանի փակման, այլ ատոմակայանի առաջին բլոկի շահագործումից դուրս բերելու մասին: Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 15-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը: «Այդ ինֆորմացիան (ատոմակայանը պետք է փակվի ու փոխարինվի նոր հզորությամբ, - խմբ.), որին տիրապետում եք, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, որովհետև խոսքը գնում է ոչ թե ատոմակայանի փակման, այլ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի առաջին բլոկի (շահագործված 1976 թվականին, - խմբ.) շահագործումից դուրս բերելու մասին, այսինքն` այն այլևս չի շահագործվելու, չի վերակենդանացվելու: Ընդհակառակը տարվում են աշխատանքներ, որ Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի (շահագործված 1980 թվականին, - խմբ.) կյանքի տևողությունը երկարացվի, այսինքն` նախագծային ժամկետը լրացել է»,-ասաց Վահրամ Պետրոսյանը` ավելացնելով, որ գոյություն ունի միջազգային փորձ, որի հիման վրա տարվում են աշխատանքներ երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացման ուղղությամբ:
Փորձագետի խոսքով` միջոցառումների արդյունքում պատրաստվում են առայժմ տասը տարով երկարացնել երկորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը: Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ էներգաբլոկների երկարաձգման ժամկետը այլ երկրներում` Ռուաստանում, Ուկրաինայում, Հունգարիայում, Ֆինլանդիայում, 30 տարի է:
Ինչ վերաբերում է արևային և այլընտրանքային էներգետիկայի այլ աղբյուրների զարգացմանը, ապա, ըստ Վահրամ Պետրոսյանի, դրանք անհրաժեշտ են Հայաստանին, բայց ներկայումս ատոմակայանը շարունակում է մնալ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման միակ աղբյուրը: