Եթե ոստիկանները հրահանգով մարդկանց նկարահանում են, թող դա բացահայտ անեն: Այսօր՝ մարտի 7-ին, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտնել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Քաղաքապետարանի դիմացի քաղաքային կենտրոնական հրապարակում ելույթ ունենալով՝ նա 300 մ հեռվում նկատել է ոստիկանի, որը ոչ այնքան նկատելի վայրից նկարահանում էր մարդկանց: Հովհաննիսյանն ընդհատել է ելույթը եւ մոտեցել նրան՝ բռնելով արմունկից. «Անունդ ի՞նչ է: Ներկայացի’ր»: Ընդդիմադիրը ոստիկանին առաջարկել է մարդաշատ վայրում բոլորի աչքի առաջ կատարել պարտականությունը: Տեսնելով, որ ոստիկանը հրաժարվում է, Հովհաննիսյանը կրկին բռնել է նրա արմունկը. «Գնանք հրապարակ, եթե դու հրաման ես կատարում, վախենալու բան չունես: Այդ դեպքում ասա անունդ: Ես Րաֆֆի Հովհաննիսյանն եմ, իսկ դո՞ւ»:
Ի պատասխան ոստիկանը լռել է՝ միայն անունը նշելով՝ Արմեն: Հովհաննիսյանի հետ մի քանի քայլ գնալով՝ նա ազատել է ձեռքը եւ հեռացել ծառայակիցների մոտ:
«Պետք չէ ագրեսիվ տրամադրվել ոստիկանի նկատմամբ: Ոստիկանները մեր հպարտությունն են: Ողջունենք Արմենին եւ իրենց պարտականությունը կատարող բոլոր ոստիկաններին: Նրանք մեր անվտանգությունն են ապահովում: Եվ երեկ ուղեկցում էին մեզ ձյունապատ ճանապարհին: Շնորհակալություն ձեզ եւ շնորհակալություն քեզ, Արմեն: Սակայն հրաման կատարողը թող ուրիշների թիկունքում չթաքնվի, այլ դա անի բացահայտ՝ հային վայել կերպով», - ասել է ընդդիմադիրը՝ դիմելով կողմնակիցներին: