«Փաստ» թերթը գրում է.
«Պարզվում է` տավարաբուծության զարգացման վայ ծրագիրը սկսվել է դեռևս 2007 թվականից: Ամենայն հավանականությամբ, ծրագրի մեկնարկի ժամանակ երջանկահիշատակ վարչապետը չէր էլ պատկերացնի, որ իր օրոք մեկնարկած ծրագիրը նման վնասներ կհասցնի ոչ միայն պետական բյուջեին, այլև անասնապահներին:
Ու թեև ծրագրի մեկնարկից մինչև վերջերս բոլոր կառավարությունների օրոք էլ հայտարարվել է, թե այն 100%–անոց արդյունք է ապահովում, սակայն այս տարի վերջապես հայտարարվեց, թե իրականում ծրագրի տապալման պատճառով որքան է տուժել մեր պետական բյուջեն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով մի շարք խնդիրներ ու բացթողումներ են հայտնաբերվել «Հայաստանի Հանրապետությունում 2007–2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման» ծրագրի իրականացման ընթացքում:
Մասնավորապես պարզվել է, որ «Հայաստանի Հանրապետությունում 2007–2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում ներկրված և տարաժամկետ վճարման պայմանով առքուվաճառքի պայմանագրերի հիման վրա տոհմային երինջների իրացման գործընթացը, ըստ էության, չի ապահովել հիշյալ ծրագրի արդյունավետ իրականացումը, որի հետևանքով գոյացել է պետության հանդեպ չկատարված ավելի քան 600 մլն դրամի պարտավորություն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, քննարկելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության միջնորդագիրը՝ հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին, ուսումնասիրություններ է սկսել: ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն ամբողջությամբ մոնիտորինգի է ենթարկելու նշված ծրագիրը:
«Փաստը» նախարարությունից փորձեց պարզել, թե այս պահի դրությամբ ինչ խախտումներ են արձանագրվել, ինչն է եղել պատճառը, որ 8 տարի շարունակ պետությանը վնաս հասցնելու փաստն ավելի վաղ չի բացահայտվել: Մեր հարցմանն ի պատասխան Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացրեցին, որ ծրագրի շրջանակներում ֆերմերների ընտրության և տոհմային երինջների հատկացման գործընթացներում արձանագրվել են մի շարք բացթողումներ:
Իսկ ֆերմերների կողմից տոհմային երինջների դիմաց վճարումները, ներառյալ վճարումներն ուշացնելու համար առաջացած տույժերն ու տուգանքներն ամբողջությամբ չկատարելու արդյունքում 2017 թվականի հոկտեմբերի 2–ի դրությամբ գոյացել է մոտ 1 միլիարդ դրամի ժամկետանց պարտավորություն:
Պայմանագրերի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ դատարաններ է ներկայացվել 126 հայցադիմում, որից 6–ը գտնվում է սնանկության վարույթում:
«Փաստի» տվյալներով, ծրագրով նախատեսված պարտավորությունների շրջանակներում հիմնականում էժան գներով՝ մոտ 30 դոլարով, ձեռք են բերվել հիվանդ կենդանիներ, որոնցից շատերը Հայաստան տեղափոխվելուց հետո սատկել են: Գյուղնախարարության պատասխանում ոչ հերքվել և ոչ էլ հաստատվել է այս տեղեկությունը: Մեր հստակ հարցին գերատեսչությունից պատասխանել են՝ «Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի իրականացվել է կենդանիների ձեռքբերման մրցույթ, և ձեռքբերման գները ձևավորվել են գնման առաջարկների (հայտերի) քննարկման արդյունքում` ամենացածր գնային առաջարկի ընտրությամբ»:
Նման ոչինչ չասող պատասխանից պարզ է դառնում, որ մեր տեղեկությունը համապատասխանում է իրականությանը և փաստորեն անասնապահները վնաս են կրել և սնանկացել են նախարարության աշխատակիցների ճարպկության և ոչ պատշաճ գործունեության հետևանքով, իսկ այսօր ստիպված են դատարանում ապացուցել, որ պայմանագրով սահմանված պարտավորությունները չեն կարողացել պատշաճ իրականացնել:
Ի դեպ, «Փաստը» փորձել է պարզել, թե կա՞ն արդյոք նախկին պետական պաշտոնյաներ, ովքեր պետք է պատասխան տան իրենց անարդյունավետ աշխատանքի և պետությանը նյութական վնաս պատճառելու համար: Այս հարցին կրկին ստացել ենք լղոզված պատասխան` թե ոլորտը համակարգող նախկին փոխնախարարներն ու վարչության պետերն այժմ չեն աշխատում նախարարությունում, իսկ ծրագրում տեղ գտած որոշ թերություններ կենդանիների ոչ ճիշտ կերակրման ու խնամքի պայմանների հետևանք են և պայմանավորված չեն պետական պաշտոնյաների գործունեությամբ:
Այս դեպքում հարց է ծագում` եթե իրականում կենդանիները սատկել են ոչ ճիշտ կերակրման և խնամքի հետևանքով, ապա ինչու է այսքան տարի շարունակվել մի ծրագիր, որը ոչ թե օգուտ, այլ վնաս է հասցրել և՛ անասնաբույծներին, և՛ պետական բյուջեին: Ստացվում է, որ նախկին պաշտոնյաները լավատեղյակ լինելով ձախողված ծրագրի մասին, որևէ միջոց չեն ձեռնարկել դրա կասեցման կամ արդյունավետության բարձրացման համար: Դրա փոխարեն, բյուջեն մսխելու հաշվին, շարունակել են տարեցտարի աչքը սարքելու փոխարեն հոնքն էլ հետը հանել ու գյուղացուն էլ սնանկացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում