Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ: Այս մասին ռուսական BFM-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Առաջին հերթին խոսքը մեր հասարակության արդիականացման մասին է՝ արդյունավետ կառավարում, մարդու իրավունքներ: Տնտեսությանը դա գրեթե չի առնչվում: Ասում եմ գրեթե, քանի որ համաձայնագրում իսկապես կա մի դրույթ, համաձայն որի՝ այդ համաձայնագրով նախատեսվող պարտավորությունները ոչ մի կերպ չեն կարող հակադրվել այն պարտավորություններին, որն ավելի վաղ ստանձնել է Հայաստանը»,- ասել է ՀՀ Նախագահը:
Նա մանրամասնել է, որ համաձայնագրով նախատեսվող դրույթները չեն կարող հակասել այն պարտավորություններին, որոնք Հայաստանն ունի այլ ինտեգրացիոն միությունների առջև: «Այստեղ հակասություններ չեն կարող լինել: Մեր երկրում կգործեն այն օրենքները, համաձայնագրերը, պայմանագրերը, որոնք մենք ստորագրում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նախագահն ընդգծել է, որ այստեղ առարկայական տարբերություններ չկան՝ թե Հայաստանը, թե Ռուսաստանը, Ղազախստանը կամ Ղրղզստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ են:
«Կարծում եմ, որ ի վերջո ԵԱՏՄ-ն կհասնի նրան, որ կգործի ԱՀԿ օրենքներով, այն օրենքներով, որով ներկայում աշխատում են եվրոպացիները»,- նշել է Սարգսյանը՝ ևս մեկ անգամ հավաստիացնելով, որ ԵՄ հետ ստորագրվելիք համաձայնագրում չկան ԵԱՏՄ հետ հակասություններ: