«Հրապարակ» թերթը գրում է.
«Վայոց Ձորի «բդեշխ», ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի որդուն համայնքապետ դարձնելու համար իշխանությունը հնարավոր է հրաժարվի իր որդեգրած ուղուց եւ հետողորմյա անի մեկ տարի առաջ խոշորացած Ջերմուկ համայնքի ընտրությունը, որ արտահերթ ընտրությունների հնարավորություն ստեղծվի։
Մտադիր են Գնդեվազ, Հերհեր, Կարմրաշեն համայնքներն առանձնացնել Ջերմուկի ձախ ափից ու Կեչուտից։ Իհարկե, գործընթացը կներկայացվի իբրեւ համայնքների բարեփոխման ծրագիր եւ կհիմնավորվի, որ խոշորացումը եղել է ոչ ճիշտ, եւ կա համայնքների ներքին կապի խզվածություն։
Մարզպետ Հարություն Սարգսյանը երեկ ըստ էության չբացառեց այս հեռանկարը․ «Ըստ էության, այո, մենք խնդիր ունենք Ջերմուկի խոշորացման հետ, ավելի ճիշտ՝ Հերհերի ու Կարմրաշենի։ Այս համայնքներն ավելի մոտ են Վայքին, քան Ջերմուկին, այնպես որ՝ ես այստեղ ոչինչ արտառոց չեմ տեսնում, այս օրենքը քարացած չէ»։
Մեր հարցին, թե խոշորացման գործընթացից առաջ նախապես հաշվարկներ չե՞ն արվել, Սարգսյանը պատասխանեց․ «Այո, արվել են, պետք է Կարմրաշենից ճանապարհ գնար դեպի Ջերմուկ, հետո տեսանք, որ հաշվարկների մեջ կոնկրետ որոշակի խնդիրներ կան»։ Ի դեպ, մարզում լուրեր կան, որ Արսենյանը ցանկանում է տրոհվելիք երկու համայնքներում էլ իր երկու որդիներին համայնքի ղեկավար դարձնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում