«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Աճուրդի հանված տրանսպորտի նախարարության շենքի համար արդեն մի քանի ամիս է՝ գնորդ չի գտնվում։ Վերջին անգամ այն աճուրդի է դրվել օրերս, չորրորդ անգամ, սակայն գնորդ չլինելու պատճառով աճուրդը չի կայացել։ Նալբանդյան 28 հասցեում գտնվող տրանսպորտի նախարարության շենքի օտարման մասին որոշումն ընդունվել էր կառավարության օգոստոսի 3-ի նիստում։ Մեկնարկային գինը մոտ 13.2 մլրդ․ դրամ կամ 27,5 մլն․ դոլար էր։
Բացի այդ՝ գնորդը պիտի վճարի նաեւ զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 0.25 հա հողամասի կադաստրային արժեքը` 151․2 մլն․ դրամ կամ մոտ 315 հազար դոլար: Շենքն աճուրդի հանելու որոշումը կայացվել էր դեռ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին։ Վաճառքի գումարի 70%-ը կուղղվի պետբյուջե, 30%-ը՝ Երեւանի բյուջե:
Ըստ օրենքի՝ կառավարության որոշումից հետո վեցամսյա ժամկետում պետգույքի վարչությունը հնարավորություն ունի պարբերաբար աճուրդային մրցույթներ կազմակերպելու, այս շենքի վաճառքի վերջնաժամկետը հաջորդ տարվա փետրվարի 3-ն է, դրանից հետո այն նորից կհանձնվի կառավարության տնօրինությանը։ Շենքի պոտենցիալ գնորդների տարբեր անուններ են շրջանառվում՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան, որը բազմիցս հերքել է տեղեկությունը, եւ «Տաշիր գրուպ»։
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում