«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները վերջակետել են Արգամիչի դինաստիոն տիրապետությունը ոչ միայն Արտաշատում, այլեւ «հարակից»` Նշավան գյուղում, ուր «ասողը» մշտապես եղել է Արգամիչի փեսան` հարկայինի բարձրաստիճան չինովնիկ Վահան Մամիկոնյանը: Նա սատարել է իր հորաքրոջ տղային՝ էլ ավելի պատմական անուն ունեցող Պապին՝ Պապ Հակոբյանին, որը Նշավանի գործող գյուղապետն էր` «պապական» հետաքրքիր անցյալով։
Խորհրդարանական ընտրությունների շեմին, նույն Վահանի հորդորով, նա դուրս է եկել ՀՀԿ-ից, որպեսզի սատարի ԲՀԿ-ին, նոյեմբերի 5-ի ընտրությունների նախաշեմին էլ կրկին դեմքով դարձել է դեպի ՀՀԿ-ն, որպեսզի կարողանա պահպանել գյուղապետի իր գահը, սակայն 3 ձայնով պարտվել է Արտաշատի նորօրյա «ասող»` Արայիկ Գրիգորյանի կողմից սատարվող, դարձյալ ՀՀԿ-ական Մյասնիկ Հովհաննիսյանին: Գյուղի 1 593 ընտրողից քվեարկել է 903-ը, 441 կողմ ստացել է Մյասնիկ Հովհաննիսյանը, 438՝ Պապ Հակոբյանը, 24 անվավեր։
Պապ Հակոբյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ԱԺ ընտրություններից առաջ դուրս է եկել ՀՀԿ-ից եւ վերջերս կրկին անդամագրվել։ Իսկ ՀՀԿ-ից դուրս էր եկել, որ «ժողովրդին թողնի՝ ինքնահոս գնան ընտրության»։ Վերադարձաք, որ 6-րդ անգամ ընտրվեք, քանի որ միայն ՀՀԿ-ական լինելո՞վ է հնարավոր հաղթել։ «Չէ։ Ես 18 հատ անվավեր եմ ունեցել, սխալ նշումներ են արել»։ «Գյուղապետ չընտրվեցիք, գուցե կրկի՞ն լքեք ՀՀԿ-ն»։ «Չէ, խորհրդարանական ընտրություններից առաջ լքել եմ, հիմա՝ չէ»»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: