«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով տարկետման իրավունքի սահմանափակման, կրթության և գիտության ոլորտներում խնդիրների վերաբերյալ նոյեմբերի 22-ին կայանալիք խորհրդարանական լսումները Ազգային ժողովի կայքում կհեռարձակվեն օնլայն ռեժիմով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ես առաջարկել եմ, որ լսումներն Ազգային ժողովի կայքում օնլայն ռեժիմով հեռարձակվեն, որպեսզի Ազգային ժողովի շենքից դուրս գտնվող մեր քաղաքացիները հաղորդակից լինեն քննարկումներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ընդգծեց Շարմազանովը:

Նա կարծիք հայտնեց, որ այդ լսումները կլինեն նշված թեմաների վերաբերյալ քննարկումների սկիզբը: «Եթե այդ լսումներից հետո նոր քննարկումների և կլոր սեղանների կարիք լինի, իսկ ես կարծում եմ, որ կլինի, մենք պատրաստ ենք շարունակել քննարկումները և աջակցել դրանց' ապահովելով մեր դասախոսների, կառավարության ներկայացուցիչների, գիտնականների, ուսանողների, շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը հայտնեց, որ լսումները տեղի կունենան Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում: «Մենք պատրաստ ենք կազմակերպել այդ լսումները, կհրավիրվեն շահագրգիռ բոլոր կողմերը, աշխատանքային կարգն, ընդհանուր առմամբ, մշակված է, բայց մենք ևս մեկ-երկու աշխատանքային հանդիպում կունենանք ուսանողների հետ տեխնիկական որոշ խնդիրներ քննարկելու համար»,- մանրամասնեց նա: