«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Իշխանական վերնախավում ոչ ոք չգիտի, թե եկող տարվա ապրիլի 9-ից հետո, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը կավարտվի, անցում կարվի խորհրդարանական կառավարմանը, եւ նախագահի լիազորությունների գերակշռող մասը կանցնի վարչապետին, ով կզբաղեցնի այդ պաշտոնը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բազմիցս խոստովանել է, որ դեմ չէ 2018-ի ապրիլից եւս զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի բոլոր քայլերը վկայում են, որ նա չի ցանկանում իր լիազորությունների ավարտից հետո ՀՀ իշխանության ղեկը ուրիշի փոխանցել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներկայումս շրջանառության մեջ են դրվել ուժային կառույցների օրենսդրության մեջ փոփոխությունների նախագծերը, որոնցով այդ գերատեսչությունների բարձրագույն ղեկավարության նշանակման իրավունքը պետք է անցնի ՀՀ վարչապետին:
Համապատասխան օրենքները նախատեսվում է կիրառության մեջ դնել եկող տարվա ապրիլի 9-ից, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը կավարտվի, եւ իր լիազորությունները կստանձնի ՀՀ ԱԺ կողմից ընտրված նախագահը, որը գործադիր իշխանության վրա ազդելու լծակներից զրկված կլինի: Այսինքն՝ փաստացի, 2018 թվականի ապրիլի 9-ից 16-ը Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան լինելու է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը չնայած մեխանիկորեն պաշտոնանկ է լինելու, բայց մինչեւ նոր վարչապետի ընտրությունը շարունակելու է պաշտոնավարել: Իսկ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն յոթօրյա ժամկետում վարչապետի՝ իրենց թեկնածուն առաջադրել:
Ասել կուզի՝ նշված մեկ շաբաթվա ընթացքում Կարեն Կարապետյանը լինելու է իշխանության միանձնյա ղեկավարը եւ կարող է փոխել ՀՀ ոստիկանապետին, ՀՀ ԱԱԾ տնօրենին եւ մնացած ղեկավար կազմին, ու այսպես շարունակ՝ փաստացի հեղաշրջում իրականացնելով երկրում: Իսկ կգնա՞ արդյոք նա այդպիսի համարձակության՝ օրենքով սահմանված կարգով իրականացնելով սահուն իշխանափոխություն, ժամանակը ցույց կտա»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: