«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ մամուլում հրապարակվել էր այն մասին, որ մարմնական վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Նազարյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ծեծի է ենթարկվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, 32-ամյա Նարեկ Խաչատրյանի, նույն դատախազության ավագ դատախազ, 32-ամյա Հայկ Խաչատրյանի կողմից: Ի դեպ, վերջիններս եղբայրներ են:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ավագ քննիչի եւ դատախազ եղբայրների վիճաբանությունը կապված է եղել աշխատանքային գործունեության հետ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է ծեծի նյութերն ուղարկել հատուկ քննչական ծառայություն` հանգամանքները ստուգելու նպատակով: Ինչով կավարտվի այս վիճաբանությունը, ցույց կտան ՀՔԾ-ի կողմից համապատասխան ուսումնասիրությունները»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: