«Հայկական ժամանակ»-ը զրուցել է սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի հետ:
Պարոն Խաչիկյան, ինչո՞վ եք զբաղվում, ինտեգրվե՞լ էր քաղաքացիական կյանքին:
Հիմա ինձ հոգեհարազատ աշխատանք եմ փնտրում, որպեսզի գործունեություն ունենամ եւ այդպես: Իհարկե, ինտեգրվել եմ, իհարկե, ինտեգրվում եմ:
Ո՞ր ոլորտում եք Ձեզ պատկերացնում:
Տարբեր, դասախոսական, չգիտեմ: Մինչեւ նոր տարի փնտրտուք կլինի, իսկ արդեն նոր տարուց նոր կյանք կսկսենք:
Հետեւո՞ւմ եք քաղաքական գործընթացներին:
Հետաքրքրվում եմ այնքանով, որքանով դուք եք հետաքրքրվում:
Անտարբեր չե՞ք քաղաքական գործընթացների նկատմամբ:
Ո՞նց կարող եմ անտարբեր լինել:
Վերջին քաղաքական գործընթացներին նաեւ Ձեր եղբայրն էր մասնակցում: Ախթալա համայնքի ղեկավարի ընտրությունում նա պարտվեց: Սպասելի՞ էր:
Դե հիմա ընտրություն է: Մեկը պետք է հաղթի, մեկը պարտվի: Չասեմ սպասելի, բայց ցանկալի չէր: Հիմա ժողովրդի ընտրությունն է: Ձայն բազմաց, ձայն Աստծո:
Ասում եք, որ մեզ նման հետեւում եք քաղաքական գործընթացներին: Մեր ուշադրության կենտրոնում 2018 թ. վարչապետի հարցն է, Ձեզ հետաքրքի՞ր է այդ հարցը:
Ինձ համար պարզ է, որ վարչապետի հարցը պետք է որոշի ՀՀԿ-ն, եւ ով էլ կլինի, մենք կողջունենք որպես ՀՀ շարքային քաղաքացի: Որպես շարքային քաղաքացի, մենք հավատարիմ կլինենք այլ կառավարության եւ կուսակցության գծին:
Որպես քաղաքացի Ձեր կյանքը լա՞վ է:
Ես որպես քաղաքացի նոր եմ դուրս եկել (ՔԿՀ-ից) եւ չեմ կարող ասել իմ կյանքը լավ է, թե վատ է: Այո, իմ կյանքը լավ է, որովհետեւ անազատության մեջ շատ ավելի վատ էր, քան հիմա:
Տեղեկություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը Ձեզ նշանակելու է ինչ-որ պաշտոնում:
Ձեր ասածը գիտական ֆանտաստիկայի ժանրից է:
Քննարկում չե՞ք ունեցել Սերժ Սարգսյանի հետ:
Իհարկե ոչ:
Բացառո՞ւմ եք, որ Ձեզ որեւէ պաշտոնում կնշանակեն:
Այս աշխարհում ես ոչինչ չեմ բացառում: Այդ թվում նաեւ իմ ազատազրկվելը, այդ թվում՝ եղբորս չընտրվելը, այդ թվում նաեւ ցանկացած բան, բայց այն, ինչ որ ասում եք, գիտական ֆանտաստիկայի ժանրից է: Դա այնքանով է հավանական, որքանով ես կարող է տիեզերք թռչեմ: Հավանական է, բայց ֆանտաստիկա է:
Սերժ Սարգսյանին ինչ-որ մի ձեւով շնորհակալություն հայտնե՞լ եք Ձեր ազատման համար:
Ես ամեն օր շնորհակալություն հայտնում եմ Սերժ Սարգսյանին իմ աղոթքներով, իմ մտածումների մեջ: Առերես՝ ոչ:
Աղոթքները տեղ հասնո՞ւմ են:
Դա Աստծո գործն է: Ես հիմա չգիտեմ՝ Աստված ինքն է տնօրինելու (ծիծաղում է): Ես չեմ կարող որոշել հասնում է տեղ, թե չէ: Այդ ճանապարհները դեպի Աստված, մեր ճանապարհների նման չեն, երեւի թե ուղիղ է: Եթե լավ ենք աղոթում, հասնում է: Խորդուբորդ ճանապարհներով, եթե մենք կարողանում ենք տեղ հասցնել, առավել եւս: Աստծո հետ կապն առանց միջնորդի է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում