Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը այլևս իրականություն է: Այս օրը կարող է շրջադարձային լինել Հայաստանի նորագույն պատմության մեջ` իրապես նպաստելով Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության դիվերսիֆիկացիային, սուբեկտայնության մեծացմանը, նոր բարենպաստ հեռանկարների ԼՂ հարցում: Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ստեղծում է իսկապես բացառիկ իրավիճակ, և դա է նաև պատճառը, որ շեշտվում է այդ առումով Հայաստանի բացառիկությունը՝ լինելով ԵՏՄ անդամ, Հայաստանը միակ պետությունն է, որ շրջանակային համաձայնագիր է ստորագրում ԵՄ-ի հետ: Բանն այն է, որ Հայաստանը գործնականում դառնում է ԵՏՄ օդանցքը դեպի ռազմավարական զարգացում, եթե, իհարկե, ԵՏՄ անդամներն ունեն այդպիսի նպատակ: Խնդիրն այն է, որ ԵՏՄ-ն ինքնին անշուշտ անդամ երկրների ամբողջատիրական համակարգերի ինքնապահպանության բնազդի դրսևորումն է, մյուս կողմից, սակայն, նույն այդ բնազդը այդ անդամների համար չի թողնում արդիականացման այլընտրանք, քանի որ ժամանակակից և արագ փոխվող, տեխնոլոգիական գրեթե գերհեղափոխական ընթացք ունեցող աշխարհում նրանք ավելի ու ավելի մեծ թափով են հետ մնալու և դառնալու անմրցունակ և անկենսունակ:
Համաձայնագիրը ստորագրվեց առանց դրամայի, որին ականատես եղանք չորս տարի առաջ՝ գերազանցապես այն պատճառով, որ այս մեկը պարզեցված (թուլացված) է այն աստիճանի, որ չի սպառնում երկրում Ռուսաստանի դիրքորոշմանը: Ստորագրման մյուս պատճառը՝ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունն է 2013-ից ի վեր։ Յանուկովիչի ղեկավարությամբ Ուկրաինան բանակցում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, և Ռուսաստանը մտադիր էր ձախողել այն։ Հայաստանին հասցված վնասն էլ կողմնակի էր՝ Յանուկովիչին վախեցնելու համար։ Դա երբեք Հայաստանին չի վերաբերել, այլ Ուկրաինային․ դա ազդանշան էր Ուկրաինային՝ նայիր, թե ինչ կարող ենք անել: Առաջին անգամ համաձայնագիր է ստորագրվում, և սա կարևոր է, Եվրասիական տնտեսական միության անդամի հետ։ Այսինքն, Հայաստանը ցույց է տալիս, որ հնարավոր է լինել ԵՏՄ-ի անդամ և ունենալ հեռուն գնացող համաձայնագիր Եվրամիության հետ։ Դա ապացուցում է, որ համակեցությունը հնարավոր է՝ ի շահ ժողովրդի, այս դեպքում մեզ՝ հայերիս։ Դա կարող է նաև որպես ուղեցույց ծառայել մյուսների համար, եթե իհարկե նրանց հարցում ռուսական կողմը առարկություններ չունենա:
Համաձայնագիրը իրականություն է. իսկ ի՞նչ է այն մեզ տալու: ԵՄ հետ համապարփակ Համաձայնագիրն իր մեջ ներառում է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակույթ, գիտություն, կրթություն, թե՛ փոքր ու միջին ձեռներեցության աջակցություն, թե՛ դատաիրավական բարեփոխումների աջակցություն: Չի բացառվում, որ այժմ կսկսվեն մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ բանակցությունները, որովհետև Արևելյան Գործընկերության կարևոր բաղադիչներից մեկը անվտանգ միջավայրում քաղաքացիների ազատ տեղաշարժի բացառիկ իրավունքն է, որը պետք է հարգվի։ ԵՄ-ում հասկանում են, որ ՀՀ քաղաքացիներին պետք է շահագրգռել ընթանալ Եվրաինտեգրման ուղղությամբ ու այդ խթանիչ քայլերից մեկը կարող է լինել հենց ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի մեղմացումը: Եթե այդ կարգի որևէ տեղաշարժ չլինի՝ հայաստանցիների համար եվրոպական ուղղությունն անհետաքրքիր կդառնա, ինչը ձեռնտու չէ ԵՄ- ին: Այո , համաձայնագիրը ստորագրվեց, չնայած փորձագիտական շրջանակների վատատեսական կանխատեսումների, սակայն պետք է գիտակցել,որ սա համաձայնագիր է, այլ ոչ թե կախարդական փայտիկ, որի մեկ հարվածով ՀՀ քաղաքացու կյանքը պետք է բարելավվի: Դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է իշխանությունների քաղաքական կամքը՝ ստորագրված համաձայնագիրը կյանքի կոչելու և դրա տառին ու ոգուն հավատարիմ մնալու համար:
Ստելլա Խաչատրյան