ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը Եվրամիության հետ նոյեմբերի 24-ին կնքված համաձայնագիրը համարում է լրջագույն փաստաթուղթ, որն առաջիկայում կանխորոշելու է բազմաթիվ ոլորտներում Հայաստանի առաջընթացը: «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Բրյուսելում, վաղուց սպասված քայլ էր, որին մենք գնում էինք տարիներ ի վեր և հետևողականորեն: Այդ ջանքերը, որոնք իրականացվեցին մեր իշխանության կողմից, պսակվեցին փայլուն հաջողությամբ»,- ասաց պատգամավորը:
Գագիկ Մինասյանի խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավորություն կտա արագ տեմպերով իրականացնել մեր երկրի կողմից որդեգրված կարևոր բարեփոխումները մի շարք ոլորտներում: «Բարեփոխումները, որ պլանավորել էինք իրականացնել՝ իրավական երկրի կազմակերպում, մարդու իրավունքների պաշտպանվածության ավելի բարձր մակարդակ և այլն, կարող ենք իրականացնել շատ ինտենսիվ ու արագ տեմպերով՝ օգտվելով նաև արևմտյան գործընկերների օժանդակությունից»,-հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Անդրադառնալով երեկ Բրյուսելում ստորագրված Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի` դեպի Հայաստանի Հանրապետություն ընդլայնման բարձր մակարդակի փոխըմբռնման արձանագրությանը՝ Գագիկ Մինասյանը նշեց, որ դա ևս թույլ կտա ԵՄ երկրների հետ ավիացիոն ու ցամաքային կապերն էլ ավելի զարգացնել:
Բրյուսելում նոյեմբերի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: