Հայաստանի տարածքում ձմեռային սեզոնի եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա իրենց ազդեցությունը թողնում են մի քանի օդերևութաբանական գործընթացներ։ 
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ 
Նրա խոսքով՝ ձմեռային սեզոնի կանխատեսումները կատարվում են և՛ երկրագնդի օդային զանգվածների, և՛ օվկիանոսային հոսանքների ուսումնասիրության արդյունքում։ 

«Տվյալ տարածաշրջանի ձմեռային սեզոնի եղանակակլիմայական պայմանների ձևավորումը պայմանավորված է ամբողջ երկրագնդի մասշտաբի և՛ ջրային հոսանքների, և՛ օդային հոսանքների շրջանառական գործընթացների առանձնահատկություններով։ Այսինքն՝ Խաղաղ կամ Ատլանտյան օվկիանոսի ափերի մոտ որևէ հոսանքի ակտիվացումը կամ թուլացումը ուղղակիորեն կարող է ազդեցություն թողնել Կովկասի, Հայաստանի տարածքի ձմեռային սեզոնի եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա։ Բացի ծովային հոսանքներից, բավականին մեծ դեր ունեն օդային հոսանքները»,- շեշտեց Սուրենյանը։ 

Նրա պնդմամբ՝ Հայաստանի տարածքի վրա ձմեռային սեզոնի եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա իրենց ազդեցությունն են թողնում մի քանի օդերևութաբանական գործընթացներ։ 

«Առաջինը՝ սկանդինավյան անտիցիկլոնը, որը ապահովում է արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցումը հյուսիս-արևմուտքից։ Երկրորդ օդերևութաբանական գործընթացն արևմտաեվրոպական անտիցիկլոնն է, որն ապահովում է համեմատաբար սառը, բայց խոնավ օդային հոսանքների ներթափանցումը արևմուտքից, որոնք իրենց հետ բերում են տեղումներ։ Հաջորդ անբարենպաստ երևույթներից մեկը սիբիրյան անտիցիկլոնն է, որը բերում է իր հետ բավականին ցուրտ օդային հոսանքներ։ Արդյունքում Հայաստանի տարածքում ձևավորվում են սառնամանիքային եղանակներ»,- ասաց Գագիկ Սուրենյանը և ներկայացրեց նաև տաք օդային հոսանքները, որոնք իրենց հետ բերում են տեղումներ՝ կիպրոսյան ցիկլոն, արևմտյան ու հարավային ցիկլոններ։  

«Կիպրոսյան ցիկլոնը գալիս է Միջերկրական ծովի ավազանից և իր հետ բերում է ձյան առատ տեղումներ հանրապետության տարածքում, իսկ տաք պրոցեսների դեպքում՝ անձրևներ»,- նշեց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը։