«Հայկական ժամանակ» թերթը գրել է, որ Տավուշի մարզի գազալցակայաններում 1 խորանարդ մետր գազի գինը թանկացել է՝ դառնալով 200 դրամ: Եթե հանրապետության գրեթե բոլոր գազալցակայաններում գազի գինը տատանվում է 150-ից 180 դրամի սահմաններում, ապա Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում միանգամից բոլոր գազալցակայաններում գինը թանկացել է: Աղբյուրի փոխանցմամբ՝ թանկացման հեղինակը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է, որի անվան հետ կապվող գազալցակայանն է սահմանել 200 դրամ/1խմ սակագինը եւ ստիպել մյուս գազալցակայաններին՝ իր օրինակին հետեւել:
 
Հայաստանի պետական կառավարման համակարգը գործում է հստակ սկզբունքներով, ու որքան էլ իշխանական քարոզչամիջոցները փորձեն հասարակության գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, թե իբր Սերժ Սարգսյանն ուզում է «տյունինգ անել» այդ համակարգը, միեւնույն է` ակնհայտ է, որ խոսքն ընդամենը հանցավոր մոդելի արդիականացման մասին է։ Տեղական ֆեոդալները անում են այն, ինչ ցանկանում են՝ հանուն իրենց և իրենց հարազատների բիզնես բարեկեցության: Նորություն չէ, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը բավականին լուրջ դրամական միջոցների տեր է: Հիշեցնենք, որ սույն պարոնը լրատվամիջոցներին հայտնի դարձավ արջեր պահելու իր սովորությամբ, ինչպես նաեւ Տավուշի մարզի Կողբ գյուղում բացված «Սուրբ Հովհաննես» եկեղեցու հետ կապված հայտնի պատմությամբ: Տավուշի մարզպետը ժամանակին սկանդալի կենտրոնում հայտնվեց. նրա հովանավորությամբ կառուցված, Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու նկարիչը Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավը եկեղեցու համար կրկնօրինակելով՝ Հովհաննես Առաքյալի փոխարեն նկարել էր Հովիկ Աբովյանի դեմքը: Հասարակական աղմուկի արդյունքում նկարիչը սրբագրեց նկարը՝ «առաքյալի» դեմքին մորուք ավելացնելով: Արդյունքում՝ մարզպետի սափրված դեմքին փոխարինել էր մարզպետի՝ թրաշով դեմքը:
 
Ինչեւէ, ստիպված ենք սահմանամերձ Տավուշի մարզպետի աթոռը զբաղեցնող «վայ պարոնին» հիշեցնել, որ իր զբաղեցրած պաշտոնը կամայականություններով առաջնորդվելու համար չէ, կան հստակ կանոնակարգեր ու խաղի սահմանված կանոններ, որոնց շրջանակներից չպետք է դուրս գա մեծն պաշտոնյան:
 
Ստելլա Խաչատրյան