Պաշտոնական Անկարան խիստ բացասական է արձագանքել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, խնդրի առնչությամբ հայտարարություններով են հանդես եկել ինչպես Թուրքիայի արտգործնախարարությունը, այնպես էլ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ:
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մեծ անհանգստությամբ և մտահոգությամբ են ընդունել ԱՄՆ ղեկավարության «անպատասխանատու հայտարարությունը»: «Կոչ ենք անում ԱՄՆ ղեկավարությանը վերանայել այս սխալ որոշումը, որը կարող է ծայրաստիճան բացասական արդյունքների հանգեցնել»,- ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: Նրանք հիշեցրել են, որ Երուսաղեմի զարգացումների վերաբերյալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 13-ին Ստամբուլում Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողով է հրավիրել, որի շրջանակում լայնորեն քննարկվելու է հարցը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը և դրանից բխող հետևանքները Թուրքիայի Հանրապետությունը համարում է առ ոչինչ: Այս որոշումը ծանր հարված է պաղետինա-իսրայելական և մերձավորարևելյան խաղաղության ջանքերին: Նման որոշմամբ տարածաշրջանում բացվել է «Պանդորայի արկղը»: Յըլդըրըմը հավելել է, որ Թրամփի որոշումն անպատասխանատվության օրինակ է:
Նմանօրինակ հայտարարություն է արել նաև փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը: «Դատապարտում ենք ԱՄՆ-ին ընդունած անիրավ, հակաօրինական, տարածաշրջանն ու աշխարհը կրակի մեջ նետող, միջազգային օրենքները և ՄԱԿ-ի որոշումները բացահայտ կերպով խախտող որոշման համար»,- ասել է նա՝ հավելելով, որ այս որոշումից բխող բոլոր հետևանքների պատասխանատուն ԱՄՆ նախագահն է և Միացյալ Նահանգները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ պաշտոնապես ընդունում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս փաստի առնչությամբ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ: