Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մեզ հանգիստ թողեք» կարգախոսով, ախալքալաքցիները ցույց են իրականացնում՝ բողոքելով ոստիկանության գործողությունների դեմ: Նրանք իշխանություններից պահանջում են, որ ոստիկանության աշխատակիցներն իրենց անհիմն չտանեն հարցաքննելու:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը նշեց, որ ոստիկանության նման պահվածքի շարժառիթը բոլորովին այլ է. խնդիրն այն է, որ վերջին շրջանում Ախալքալաքում նկատելի են գողության տարածված դեպքեր, որոնց ստվար մասը չի բացահայտվում, իսկ տեղի ոստիկանական ուժերը դժվարություններ են ունեն բացահայտումների հետ կապված:

«Ինձ հասած տեղեկություններով, ոստիկանության գործողությունները պայմանավորված են տարածված գողությունների բացահայտման նկատառումներով: Դա ուժային կառույցների գործողության շրջանակում է և դժվար է մեկնաբանություն տալ: Մենք հայտնվում ենք մի տեղ, որը մեր հարթությունը չէ: Եթե մենք նկատենք բռնաճնշումներ բնակչության նկատմամբ, այդ դեպքում մենք կբարձրաձայնենք, մեր քննադատական խոսքը և միջամտությունը կցուցաբերենք: Այս պահին ես նման միտում չեմ տեսնում և ձեռնպահ կմնամ դրանք մեկնաբանելուց»,- ասաց նա՝ ավելացնելով՝ եթե ոստիկանության գործողություններն ուղղված են հանցագործությունների բացահայտմանը, ապա իրենք ձեռնպահ կմնան:

Ըստ «Մեզ հանգիստ թողեք» ակցիայի մասնակիցների՝ ոստիկանական ուժերն անգամ սպառնալիքներ են հնչեցրել մի քանի երիտասարդների հասցեին՝ ասելով՝ եթե չլքեն երկիրը, ապա կկալանավորեն:

«Դրանք լուրեր են, որոնք հիմնավորված չեն, նախ հարկավոր է հասկանալ՝ որքանով են համապատասխանում իրականությանը: Իսկ ես ընդհանուր տեղեկություններ ստանում եմ այնտեղի իմ աղբյուրներից»,- ընդգծեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահը:

Սոնա Հարությունյան